Երկու օր առաջ Արդարադատության նախարարությունում հանդիպելով գերատեսչության ավելի քան 300 աշխատակիցների հետ` Սերժ Սարգսյանը քննարկել էր Հայաստանի Մաքսային միությանն անդամագրվելու հարցը: Ներկաներին դիմելով` վերջինս ասել էր, որ հսկայական աշխատանք ունեն կատարելու՝ մինչև 50 լուրջ փաստաթղթեր պետք է տանել Ազգային ժողով, և այդ փաստաթղթերի պատրաստման հիմնական բեռը և բազմաթիվ այլ խնդիրներ լինելու են իրենց վրա:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության նախկին պետ Շահեն Պետրոսյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե սա որքանով կարող է առնչվել քաղավիացիայի ոլորտին` ասաց․ «Ընդհանրապես Մաքսային միությունը փուչիկ է, գոյություն չի ունենալու, դա ռուսների բլեֆն է, ոչ մի ազդեցություն չի ունենալու: Պարզապես Սովետական միություն է ստեղծվելու՝ չորս հանրապետությունով, հետագայում Ղրղզստան, Տաջիկստան է գուցե միացնելու, իսկ Թուքմենստանն ու Ուզբեկստանը երբեք չեն միանա: Ղազախստանն ու Բելառուսն էլ միշտ հակադրվելու ուժ ունեն, այսինքն` այդ կառույցը չի կայանալու, մենք պարզապես մի թելով կապված ենք լինելու Ռուսաստանից»:
Իսկ ինչ վերաբերում է ավիացիայի ոլորտին, ապա Շ․ Պետրոսյանը նշեց, որ քաղավիացիայի հետ դա չի կարող առայժմ կապել. «Ես չգիտեմ՝ ինչ բան է Մաքսային միությունը, այդ 50 փաստաթղթերը ինչ բան են, ինչ են իրենցից ներկայացնում, քաղաքական ելակետը չկա, որ իմանամ ու հետո տնտեսականին անցնեմ:
Միգուցե ուրիշ «աերոֆլոտ» է ստեղծվում, և դա ընդհանուր շուկայի տերն ու տիրակալն է դառնում, ոնց որ իրենց «Գազպրոմը», «Բիլայնը», նույն ձևի կարող է ավիացիան էլ լինի, մանավանդ որ` մենք չունենք այդ ավիացիան»:








































