Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արշակ Վարդանյանի նախագահությամբ սկսվում է Լաուրա Խաչատրյանի գործի դատավարությունը:
Առաջադրված մեղադրանքի համաձայն՝ 47-ամյա Լաուրա Խաչատրյանը, նախազգուշացված լինելով ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածով նախատեսված քրեական պատասխանատվության մասին և գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է, 2012 թվականի դեկտեմբերի 15-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում սուտ հաղորդում է տվել, թե նույն օրը, ժամը 17-ն անց 30-ի սահմաններում փաստացի ամուսինը ճանապարհել է իր դստերը, ով եկել էր իրենց տուն:
Աղջկա գնալուց հետո Լաուրան բարձրացել է բնակարան ու նկատել, որ ննջասենյակից բացակայում են իր 1 միլիոն դրամ արժողությամբ թևնոցը և 300 հազար դրամ կանխիկ գումարը:
Լաուրա Խաչատրյանը նշել է, թե լիովին համոզված է, որ գողությունը կատարել է ամուսնու դուստրը: Միայն թե այդ «լիովին համոզվածությունը» շատ չանցած վերածվել է հենց իրեն՝ Լաուրային առաջադրված մեղադրանքի:
Ներկայումս բավական մեծ թվով քաղաքացիներ դատվում ու դատապարտվում են սուտ մատնություն կատարելու համար: Ոստիկանությունում սուտ հաղորդում տալը, ինչ-որ մեկին ակնհայտ սուտ մեղադրանք ներկայացնելը ոմանց համար դարձել են վրեժխնդրությանը հագուրդ տալու, մարդ վախեցնելու, իրենց համար անցանկալի մեկին իրավապահների ձեռքերով «վատություն» անելու միջոց:
Սակայն ավելի ու ավելի հաճախ այս մարդիկ հենց իրենք էլ ընկնում են իրենց «փորած փոսը»՝ դատվում ու դատապարտվում են:
Նրանք իրենց սուտ հաղորդումով մոլորության մեջ են գցում իրավապահներին, ստիպում, որ չեղած հանցագործություն բացահայտելու համար աշխատեն ամենատարբեր օղակներ, ծախսվեն բյուջեի գումարներ:
Օրենքի, դատարանների, իրավական համակարգի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը թույլ է տալիս ոմանց դատարանում ստորագրել, թե տեղեկացվեցին ակնհայտ սուտ ցուցմունք տալու համար նախատեսված պատասխանատվության մասին և՝ տեղնուտեղը սուտ ցուցմունք տալ՝ թիկունքում՝ դատարանի դահլիճում նստածների հավանությանն արժանանալով:
Իրավական «նիհիլիզմը», իրավագիտակցության ցածր մակարդակը յուրօրինակ «վիրուսի» նման նպաստում են այս հանցատեսակի համատարածությանը:








































