ԱՄՆ-ը Stethem հրթիռային ականակիր նավն ուղարկել է Հարավչինական ծով։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով ամերիկյան ռազմածովային ուժերի մամլո ծառայությանը։
Այդ քայլը ձեռնարկվել է Հյուսիսային Կորեայում հնարավոր միջուկային փորձակումների պատճառով սրված լարվածության ֆոնին։
«Հրթիռային ականակիր Stethem-ը, որը տեղակայված է Յոկոսուկայում (Ճապոնիա), կանոնավոր գործողություններ է իրականացնում Հարավչինական ծովում»,-ասվում է հաղորդագրությունում։
Ինչպես հայտարարել է նավատորմի ներկայացուցիչ Ռոբերտ Կլինը, գործուղումը թույլ կտա անձնակազմին ստանալ կարևոր փորձ՝ առանցքային տարածաշրջաններում առաքելությունների իրականացման համար։
Ավելի վաղ ԱՄՆ-ը Կորեական թերակղզու շրջան էր ուղարկել հարվածային խումբ՝ «Կառլ Վինսոն» ավիակրի գլխավորությամբ։ ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ Վաշինգտոնը կարող է կանխարգելիչ հարված հասցնել Հյուսիսային Կորեային՝ կանխելու միջուկային փորձարկումները։ Հյուսիսային Կորեան ի պատասխան սպառնացել է հարձակվել ամերիկյան ռազմաբազաների և Սեուլում նախագահի նստավայրի վրա։










































