Բիշքեկում տեղի ունեցած ԵՏՄ գագաթնաժողովի շրջանակում ունեցած ելույթում Սերժ Սարգսյանը, խոսելով Հայաստանի համար ԵՏՄ դրական ազդեցության մասին, անդրադարձել է նաև երրորդ երկրների հետ գործակցության հեռանկարին: Իհարկե, առանձին հարց է, թե ԵՏՄ-ն որքանով է դրական ազդել Հայաստանի տնտեսության վրա, և որքանով է իրական և որակյալ այն 65 տոկոս արտահանման աճը, որ Սերժ Սարգսյանն է նշում 2016 թվականի համար: Ի վերջո, այդ աճը պետք է դիտարկել համեմատության մեջ, թե ինչպիսին էր վիճակը 2015 թվականին: Իսկ 2015 թվականին վիճակը, մեղմ ասած, լավ չէր:
Բիշքեկում, սակայն, Հայաստանի համար հնչել է մեկ այլ՝ ոչ այնքան լավ հայտարարություն: ԵՏՄ տնտեսական հանձնաժողովի փոխնախագահ Իգոր Շուվալովը հայտարարել է, որ Իրանի ու ԵՏՄ միջև ազատ առևտրի գոտու ձևավորման մասին համաձայնագիրը չի ստորագրվում, քանի որ ԵՏՄ երկրներին չեն բավարարում Իրանի մոտեցումները: Հետաքրքիր է՝ արդյո՞ք Հայաստանին էլ է վերաբերում դա, այսինքն՝ արդյո՞ք Հայաստանին էլ չի բավարարում այն, ինչ առաջարկում է Իրանը:
Սերժ Սարգսյանը ԵՏՄ գագաթնաժողովի իր ելույթում անդրադարձել է նաև Իրանի հետ ազատ առևտրի գոտու թեմային՝ ասելով, որ Հայաստանը հետաքրքրված է այդ ուղղությամբ պայմանավորվածություններով: Եվ ի՞նչ, Հայաստանը ունի՞ որևէ առարկություն այդ ամենի վերաբերյալ, թե՞ Հայաստանը որևէ առարկություն չունի և կոչ է անում ստորագրել հնարավորինս շուտ:
Սերժ Սարգսյանի ելույթում Հայաստանի թե տնտեսության, թե նաև ընդհանրապես ռազմաքաղաքական հեռանկարների համար կարևոր այդ խնդիրը շոշափվում է գրեթե «չեզոք սեռով», և պարզ չէ՝ Հայաստանը հետաքրքրվածությունից բացի՝ կոնկրետ ի՞նչ ասելիք ունի այդ կապակցությամբ: Ի վերջո, Հայաստանը ոչ թե հետաքրքրված, այլ արմատապես շահագրգռված պետք է լինի Իրանի հետ թեկուզ ԵՏՄ միջոցով, ԵՏՄ ֆորմատով ազատ առևտրի գոտու ձևավորման հարցում: Այսինքն՝ այդ հարցում Հայաստանը պետք է լինի ոչ թե ԵՏՄ երկրներից մեկը, այլ գործընթացի թերևս լոկոմոտիվը, «ակտիվիստը»:
Սակայն, ինչպես կարելի է դատել Շուվալովի հայտարարությունից և թեմայի վերաբերյալ Սերժ Սարգսյանի ելույթի «չեզոք սեռից», Սերժ Սարգսյանն այդ հարցում Բիշքեկում մնացել է մենակ: Թեև դա գուցե կլիներ չարյաց փոքրագույնը, եթե նա ԵՏՄ-ում մենակ մնար միայն այդ հարցում: Հարցը տվյալ դեպքում այն է, թե Սարգսյանը ԵՏՄ-ում ո՞ր հարցում չի մնում մենակ:








































