«Առաջին լրատվական»–ի զրուցակիցն է Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանը: Նա մասնակցելու է Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին:
– Պարոն Շահինյան, մեր նախորդ զրույցում նշում էիք, որ «Ծառուկյան» դաշինքից կառաջադրվեք պատգամավորության թեկնածու: Չառաջադրվեցիք, ինչո՞ւ: Հիմա էլ որոշել եք Երևանի ավագանու ընտրություններին մասնակցել:
– Այնպես եղավ, որ մեր համայնքում իմ ընկերներից առաջադրումներ եղան, և Երևանի ավագանու ընտրությունները պառլամենտական ընտրություններից հետո սարերի հետևում չեն, նպատակահարմար չգտա միանգամից երկու ընտրության՝ երկշաբաթյա տարբերությունով մասնակցություն ունենալ, քանի որ համարում եմ ոչ ճիշտ մոտեցում քաղաքացու: Քաղաքացու հետ քննարկել պառլամենտական ընտրություններին մասնակցելու պատգամավորի ծրագիր, այնուհետև երկշաբաթյա տարբերությամբ քաղաքացուն մոտենալ և Երևան քաղաքի խնդիրների հետ կապված ծրագրեր քննարկել, դրա համար որոշում կայացրի, որ ավելի լավ է օգնել մեր Արաբկիրի ռեյտինգային թեկնածուներին, այն մարդկանց, ում ես ճանաչում եմ և գիտեմ, որ կարող են լավ պատգամավոր լինել: Եվ ես աջակցում էի Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հովհաննես Վարդանյանին: Իմ ընտրությունը շատ ճիշտ էր: Նա, լինելով վարչական շրջանի ղեկավար, բացարձակ չօգտվեց որևէ ռեսուրսից և ոչ էլ աշխատակիցներին հորդորեց իրեն քվեարկելու կամ իր համար աշխատելու: Ի դեպ, նման դեպք արդեն երկրորդ անգամ եմ տեսնում, երբ 2013 թվականին Արմեն Երիցյանը Երևանի ավագանու ընտրություններին էր մասնակցում և ԱԻՆ-ի կոլեկտիվը՝ 6-7 հազար հոգի դեմ քվեարկեցին: Նույնն էլ Արաբկիրում․ այս մեկ տարվա մեջ Վարդանյանը հասցրեց ընդունվել արաբկիրցիների կողմից: Նա ընդունված և հարգված է համայնքի բնակիչների կողմից և կարծում եմ՝ կշարունակի իր աշխատանքը որպես համայնքի ղեկավար:
– Ըստ շրջանառվող լուրերի՝ հիմա էլ ՀՅԴ-ի ցուցակով եք ուզում մասնակցել Երևանի ավագանու ընտրություններին:
– Նախ, կուսակցական անդամ եղած ժամանակ երբեք պաշտոն կամ որևէ արտոնություն չեմ ստացել, և եթե ինչ որ բանի եմ հասել, հասել եմ իմ աշխատանքով, իմ թիմով: Ես չեմ ներկայացնում որևէ քաղաքական ուժ և Երևանի ավագանու աշխատանքը ավելի շատ ենթադրում է արդյունավետ մենեջերի աշխատանք, ոչ թե կուսակցականների, այլ արդյունավետ աշխատանքի, արդյունավետ լուծումներ գտնող, որ հնարավոր լինի քաղաքի բազմաթիվ խնդիրներին լուծումներ գտնել և առաջարկել երևանցիներին: Հիմա գտնվում է քննարկումների փուլում: Ես համարում եմ ինձ տեղական ինքնակառարման մարմնի մասնագետ, ունեմ իմ տեսլականը, ծրագիրը, որը քննարկում եմ քաղաքական թիմերի հետ: Գիտեք, որ պարտադիր նորմ է, որ քեզ պետք է որևէ քաղաքական ուժ առաջադրի: Ես ինձ տեսնում եմ որպես մենեջեր, որպես խնդիրներին լուծումներ գտնող մասնագետ, և որտեղ կընդունվի մեր առաջարկությունների մեծ մասը, այդ թիմի հետ էլ մենք կարող ենք համագործակցել:
– Մենք ասելով՝ ո՞ւմ նկատի ունեք:
– Նկատի ունեմ ինձ, նաև իմ գաղափարակիցներին, ովքեր այդ ոլորտի միջով անցել են, որոնք ևս կուսակցականներ չեն:
– Պարոն Շահինյան, մեկ ՀՀԿ, մեկ ՕԵԿ, հիմա էլ «Դաշնակցություն»: Անընդհատ կուսակցություն եք փոխում: Նորմա՞լ է սա:
– Դա նույնն է, որ լրագրողին ասեք, այս քայլից այն թերթ ինչու ես գնում: Ասենք՝ Հովհաննես Շահինյանն անկուսակցական է և «Դաշնակցության» կողմից է առաջադրվել: Անկուսակցական քաղաքացիների խումբը չի կարող որոշում կայացնել և դիմել ԿԸՀ գրանցվելու: Եթե չկա մեխանիզմ, դրա համար հիմնական պայքարը քաղաքական ուժերի մեջ է ծավալվում: Երբ ես 2005-ին ընտրվեցի Արաբկիր համայնքի ղեկավար, անկուսակցական էի, բայց 2008-ին կուսակցական էի, բայց չեմ ընտրվել: Այլընտրանքային տարբերակներ դեռ չկան, երիտասադրդությունը կարող է անել այդ փոփոխությունը: 20-25 տարիների ընթացքում հիմնականում եղել են թիմային շահերի խմբակներ: Եթե կուսակցական լինելը ինձ համար հետաքրքիր լիներ, ես վեց անգամ առաջադրվել եմ, այդ վեցից մեկը կառաջադրվեի, օրինակ, ԱԺ ընտրություններին, բայց ես վեց անգամ էլ առաջադրվել եմ կոնկրետ ՏԻՄ ընտրություններում: Եվ չեմ էլ թաքցնում, որ բազմաթիվ մարդիկ նաև իմ աջակցությամբ դարձել են ԱԺ պատգամավոր: Եվ եթե ուրիշների մոտ ստացվում է, կարծում եմ, ինձ մոտ էլ կստացվեր, բայց դա ինձ չի հետաքրքրել: Ինձ հետաքրքրում են տեղական ինքնակառավարման նշանակության խնդիրները և դրանց լուծումները, և ես ինձ այդ ոլորտում եմ տեսնում: Եվ դա է պատճառը, որ ցանկություն կա մասնակցելու:
– ՀՀԿ ավագանու ցուցակը գլխավորում է ներկա քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Արդյո՞ք լուրջ մրցակից չեք տեսնում նրան:
– Տարոն Մարգարյանին և իր թիմին ես հաջողություն եմ մաղթում, բայց այս պահին չեմ տեսնում մասնակցության հնարավորություն, հետագայում եթե ընտրվենք, ուզենք թե չուզենք, թշնամիներ չենք, բայց բացառում եմ համագործակցությունը՝ չնայած կհամագործակցենք, առաջարկություն էլ չենք ստացել: Այնպես որ, բացի ՀՀԿ-ից, բոլոր ուժերի հետ քննարկումները շարունակվում են: Մենք ունենք խնդիրների լուծման մեր մեխանիզմները, գործիքները: Բայց այս քննարկումները ինքնանպատակ չեն, և այնպես չէ, որ ես տառապում եմ, թե երբ պիտի ավագանի դառնամ: Եվ եթե իմ խնդիրը ավագանի դառնալը լիներ, ես բազմաթիվ տարբերակներ ունեցել եմ և տեսնում էի, որ ուժը կարող է մտնել, որը՝ ոչ: Եվ այնպես չի եղել, որ ինձ օգնում են այն ուժերը, որոնք հաստատ կարող են մտնել, քանի որ ունեն ռեսուրսներ և հնարավորություններ: Մենք դժվարություններից չենք փախչում: Ամենագլխավորն այն է, որ ուզում ենք մեր Երևանը դառնա համահայկական մայրաքաղաք, բոլոր հայերի մայրաքաղաքը, և Երևանը պետք է ունենա այն ձգողական ուժը, որ յուրաքանչյուր արձակուրդի՝ մեր հայրենակիցներին բերի Երևան, և մենք այնպիսի սպասարկում կարողանանք մատուցել, որ իրենք էլ սիրով հրավիրեն այլազգի իրենց ընկերներին, ծանոթներին:
– Ե՞րբ որոշում կունենաք՝ որ քաղաքական ուժի հետ եք գնալու: Եվ ամենահավանականը, ո՞ր քաղաքական ուժի հետ եք պատկերացնում մասնակցությունը:
– Հավանաբար վաղը երեկոյան պարզ կլինի: Մեր ծրագիրը մեզ մոտ է, մենք բազմաթիվ առաջարկություններ ունենք: Կա խնդիր, մենք արձանագրում ենք խնդիրը, տալիս լուծման բանալին, թե ինչ մեխանիզմներով ենք լուծում այդ խնդիրը: Թոզփչոցիով չենք զբաղվելու:







































