ԱՄՆ-ը ժնևյան ձևաչափի շրջանակում կսկսի Սիրիայի ապագայի հարցով քաղաքական գործընթաց՝ այդ երկրում կառավարման կառուցվածքի վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը՝ փոխանցում է KSL 5 TV հեռուստաալիքը։
Թիլերսոնը նաև հայտարարել է, որ Սիրիային հասցված ամերիկյան ավիահարվածն ակնհայտ ցույց է տալիս, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ է վճռորոշ միջոցառումներ ընդունել։
Անցած գիշեր ԱՄՆ-ը ավիահարված է հասցրել սիրիական աերոդրոմին՝ արձակելով մոտ 60 թևավոր հրթիռ։
Թրամփը հայտարարել է, որ հարվածը բխել է ԱՄՆ ազգային անվտանգության կենսական կարևոր շահերից։
ԱՄՆ նախագահը համապատասխան որոշումն ընդունել է այն բանից հետո, երբ Վաշինգտոնը մեղադրել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ռեժիմին Իդլիբ նահանգում խաղաղ բնակիչների դեմ քիմիական հարձակում իրականացնելու մեջ։








































