«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀԱԿ վարչության անդամ, նախկին քաղբանտարկյալ Վարդան Մալխասյանը։
– Պարոն Մալխասյան, «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը չկարողացավ հաղթահարել խորհրդարանական ընտրությունների անցողիկ շեմը։ Ինչի՞ հետ կկապեք այս հանգամանքը։ Կարո՞ղ ենք ասել, որ հասարակությունը մերժեց խաղաղության Ձեր բանաձևը։
– Ես բազմիցս նշել եմ, որ մեզ անհրաժեշտ է ժողովրդի գիտակից մասի աջակցությունը։ Անգիտակից մասն ամբոխ է՝ այսօր քեզ հետ է, վաղը քո դեմ կլինի։ Հիմա այս ընտրությունները ցույց տվեցին, որ իշխանությունները հետևողականորեն այս ժողովրդին տարել են փչացման ճանապարհով, վարժեցրել են ամենավերջին այլանդակություններին։ Եվ այսօր մենք հավաքեցինք այդ պտուղները։ Խայտառակություն տեղի ունեցավ, հայ ժողովրդի ոչ մի թշնամի մեզնից այնպիսի վրեժ չէր լուծի, ինչպես որ լուծեց Սերժ Սարգսյանն իր կուսակցությունով։ Այսինքն՝ ժողովրդին փչացնելու հաշվին կարողացավ պահել իր իշխանությունը։ Նայում էի ընտրատեղամասերում, մեղքս գալիս էր ժողովուրդը՝ վախեցած, անարգված, տպավորություն էր, թե թուրքը գրավել է այս երկիրն ու ժողովրդին գերի վերցրել, երեխաներին պատանդ վերցրել ու ուղարկել ընտրատեղամաս՝ պայմանով. եթե ինձ չքվեարկես, երեխաներիդ կոչնչացնեմ։ Շատ մտերիմ մարդիկ վախենում էին մեզ հետ շփվել, մեզ հետ խոսել։ Ժողովուրդը վերածվել էր մի կատարյալ արածող նախիրի, որին ուր ուզես՝ կքշես։ Հիմա ես մտածում էի՝ հնարավո՞ր է ժողովրդին այդքան փչացնելուց հետո մենք մի ինչ-որ բան ձեռնարկենք, այդ փչացած մասսային նորից առողջացնենք։ Բայց որքան էլ բժիշկը ցանկանա հիվանդին բուժել, նախ՝ հիվանդն ինքը պետք է ցանկանա բուժվել, ժողովուրդը պետք է ցանկանա բուժվել։ Տեսեք, հիմա արտասահմանից եկածները ինչ կարծիք են կազմում մեր մասին, ասում են՝ ժողովուրդը խորքային կերպով փչացած է, փողով կարելի է ժողովրդին ուր ուզել՝ քշել։
– Բայց այս ամենի հետ մեկտեղ ընդունո՞ւմ եք արդյոք, որ հասարակությունը չընդունեց նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորման Լևոն Տեր-Պետրոսյանի առաջ քաշած մոտեցումը։
– Այո, ճիշտ է։ Լևոն Տեր-Պետրոսյանը գլոբալ ու խորքային մոտեցում էր առաջ քաշում, քաղաքագիտական վերլուծություն էր։ Բայց քանի որ ժողովրդի մեջ չմտածող, զոմբիացված հատվածը գերակշռում է, մարդիկ պարզապես չհասկացան դա։ Իհարկե, շատ խելացի մարդիկ արձագանքեցին, հավանություն տվեցին, բայց դրանք փոքրամասնություն էին՝ 2-3 տոկոս։ Ժողովուրդը շատ մակերեսային է նայում ամեն ինչին։ Ասում են՝ Սերժ Սարգսյանը գնաց Լևոն Տեր-Պետրոսյանի տուն։ Այո, երբ պատերազմական իրավիճակ է, երկիրը կանգնած է պատերազմի շեմին, մի կողմ պետք է դնես տարաձայնությունները ու միանաս։ Լևոն Տեր-Պետրոսյանը պետական գործչի մտածելակերպ ցույց տվեց՝ նա չգնաց Սերժ Սարգսյանի մոտ, Սերժ Սարգսյանին կանչեց իր մոտ, Սարգսյանը շատ փոքր մարդ է, որ Լևոն Տեր-Պետրոսյանը գնար իր մոտ։ Ժողովուրդն ասում է՝ բան են պայմանավորվել, բայց տեսա՞ք՝ արդյունքը ցույց տվեց, որ ոչ մի պայմանավորվածություն էլ չկա։ Հիշո՞ւմ եք, ինձ ասացիք՝ կարո՞ղ է Սարգսյանը ձեզ անցկացնի Ազգային ժողով, ես էլ ասացի՝ ոչ։ Բա տեսաք՝ ինչո՞ւ չխփեց այնքան, որ անցնեինք Ազգային ժողով, որովհետև մենք որևէ գործարքի չենք գնացել։ Սերժ Սարգսյանի հետ դաշնակցականներն են վաղուց գործարքի գնացել, և նրանց համար Սարգսյանը պետք է խփեր այնքան, ինչքան ուզեր, և խփեց։ Հենց մեր մարզում այդքան լծակներ ունի Դաշնակցությունը, տնօրեններին, ուսուցիչներին արածող նախիր էին դարձրել։ Իշխանությունները բոլոր ծախված կուսակցություններին հատկացրել է հեռուստաալիքներ՝ Արթուր Բաղդասարյանը, Ծառուկյանը, ՀՅԴ-ն հեռուստաալիք ունեն, իսկ մենք մեկ ժամ չենք կարող խոսել հեռուստատեսությամբ։ Եթե օրվա մեջ մեկ ժամ խոսենք, ժողովրդին շուռ կտանք մեր կողմը, բայց նրանք սարսափում են մեզնից, գիտեն, որ մենք ճշմարտություն ասելու խիզախություն ունենք։
– Կարծում եք՝ արժե՞ այս իրավիճակում մասնակցել Երևանի ավագանու ընտրություններին։
– Շաբաթ օրը մեր վարչությունը նիստ է հրավիրել։ Որոշ մարդիկ մտածում են, թե Տեր-Պետրոսյանը միանձնյա որոշումներ է կայացնում, բայց դա սխալմունք է, մենք կոլեկտիվ ենք որոշումներ կայացնում։ Կքննարկենք, որոշում կկայացնենք ու կհայտարարենք։
– Իսկ Ձեր անձնական կարծիքով՝ արժե՞ մասնակցել։
– Ես մտածում եմ, որ Սերժ Սարգսյանն այս ընտրությամբ ապացուցեց անգամ մանկապարտեզի երեխաներին, որ ընտրություններով իշխանություն փոխելն անտրամաբանական է, և այս ձևով նա իր գերեզմանը փորեց։ Հիմա հասարակության դեռևս չփչացած տեսակը ելքեր է ման գալիս։ Հիմա՝ տեսնելով, որ ընտրությունով փոփոխության հնարավորություն չկա, դուրս են գալու փողոց։ Հանրապետական կուսակցությունը Սերժ Սարգսյանի գլխավորությամբ պետք է վերջնականապես մի բան հասկանա՝ հիվանդ, կեղեքված, կաշառված ժողովրդով հայրենիք պահելն ուղղակի անհնար է, երկրում առաջընթաց ունենալն անհնար է, այսպիսի ժողովրդով երկիրը դատապարտված է։








































