«Առաջին լրատվական»- ի հետ զրույցում անդրադառնալով խորհրդարանական ընտրությունների արդյունքներին և հարցին, թե ինչու «Ազատ դեմոկրատներ»- ը պարտվեցին, ՄԱՀՀԻ-ի տնօրեն Ստյոպա Սաֆարյանը նշեց, որ կային մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոններ:
Նրա խոսքով՝ սուբյեկտիվ գործոնները հիմնականում երեքն էին. «Մի քանի խնդիրներ կային, որոնք մեզնից էին կախված, դրանք հետևյալն էին՝ թիմ ձևավորելու և թիմով ներկայանալու հարցում որոշակի ժամանակային կորուստ ունեցաք: Մարդիկ անգամ տեղյակ չէին, թե «Ազատ դեմոկրատներ»- ի քաղաքական թիմում ովքեր են ներկայացված: Ընտրակարգի դժվարություններն իրենց հերթին բավականին դժվարություններ էին հարուցում, որովհետև շատերը չէին հասկանում ինչ է վարկանշային ընտրակարգը, ով որտեղ է առաջադրված և այլն: Կարելի է ասել, որ քարոզարշավը մենք բավական ուշացումով սկսեցինք:
Բացի դրանից՝ մյուս խնդիրը ռեսուրսներն էին, այնուամենայնիվ, ընտրությունները ֆինանսներ սիրում են, խոսքս ընտրակաշառքի մասին չէ, փող պահանջվում է հատկապես, երբ մրցակից ուժերը ընտրակաշառքի ծով են դարձրել ամբողջ միջավայրը, և անհրաժեշտ է շատ տարբերվող, գրագետ, ազդեցիկ քաղաքական գովազդ: Մենք փոքր գումար ենք ներդրել, այդպիսի փոքր գումարի ներդրման դեպքում լավ արդյունքներ չես կարող ստանալ: Այնուամենայնիվ քո ներկայությունը քո ընտրատարածքում պետք է զգան: Մենք չենք կարողացել օգտվել մեծաթիվ կոմերցիոն հաղորդումներից: Բնականաբար այսպիսի պայմաններում չես կարող լուրջ արդյունքներ արձանագրել:
Երրորդ գործոոնը՝ շատ ավելի կարևոր է, այն, որ կարողանում ես այնպիսի դիրքավորում ունենալ, որ տվյալ քաղաքական թիմի հետ ասոցացվում է որոշակի ուժ: Թիմի ներկայանալը և ֆինանսական և կազմակերպական ռեսուրսների համեստությունը իհարկե ազդում է նաև երրորդ գործոնի վրա, բայց անգամ ունեցած ռեսուրսների շրջանակում մենք չկարողացանք տեսանելիորեն ասոցացվել ուժի հետ: Մարդիկ են եղել, որ ձայն չեն տվել մեզ, որովհետև չեն հավատացել, որ մենք կանցնենք և իրենց ձայնը տվել են «Ելք»- ին: Եվ թե՛ «Ելք»-ի, թե՛ «Ծառուկյան» դաշինքի հնչեցրած կարգախոսները՝ ձայն մի՛ տվեք այն քաղաքական ուժերին, որոնց քվեները կկորչեն, ինչ-որ ձևով ազդել են: Այս երեք գործոնները սուբյեկտիվ գործոններ են:
Օբյեկտիվ գործոններից է այն, որ տեսանելիորեն քարոզարշավի վերջին օրերին ՀՀ իշխանությունների վրա կար որոշակի ճնշում ռուսական կողմից՝ անցանկալի համարելու այն ուժին, որը դնում է ԵՏՄ-ից դուրս գալու և Արևմուտքի հետ հարաբերությունների սերտացման խնդիր»:
Ս. Սաֆարյանը նաև նշեց, որ «Ազատ դեմոկրատներ»-ին երեք անգամ ավելի պակաս են լուսաբանել, քան մյուս քաղաքական ուժերին, անգամ Ծառուկյանին պատկանող «Կենտրոն» ՀԸ կողմից հակաքարոզչություն է իրականացվել:
Մանրամասները՝ տեսանյութում:











































