Եվրամիության ներկայացուցիչները, ՆԱՏՕ-ն և ԱՄՆ-ը ցավակցություն են հայտնել Սանկտ Պետերբուրգի մետրոյում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ, հայտնում է lenta.ru-ն:
«Ռուսաստանում ԱՄՆ դեսպանատունը և հյուպատոսարանը շարունակում են հետևել իրադրությանը Սանկտ Պետերբուրգում` մետրոյում հայտնի նվազագույնը մեկ պայթյունից հետո: Այժմ, երբ իշխանությունները աշխատում են տուժածներին օգնություն հատկացնելու վրա և տեղի ունեցածի հանգամանքների ճշտմամբ, մեր մտքերը և աղոթքները զոհերի և նրանց ընտանիքների հետ են»,- ասված է ամերիկյան դիվանագիտական առաքելության մամլո հաղորդագրության մեջ:
«Մեր մտքերն ուղղված են ռուս ժողովրդին, և հատկապես նրանց, ովքեր Սանկտ Պետերբուրգի այսօրվա պայթյունի հետևանքով կորցրել են մտերիմների: Վիրավորներին մենք ցանկանում ենք շուտափույթ ապաքինում»,- ասված է Եվրոպական արտաքին գործերի ծառայության կոմյունիկեում:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգն իր հերթին Twitter-ում գրել է, որ ցավակցում է ահաբեկչության բոլոր տուժածներին, նրանց հարազատներին և ամբողջ ռուս ազգին:









































