Սիրիայում հակակառավարական ուժերի իսլամիստները Մաալուլա գյուղում գրոհով վերցրել են լեռան վրա տեղակայված հյուրանոցը և այդտեղից կրակ են բացել գյուղի վրա, որը բնակեցված է հիմնականում քրիստոնյաներով՝ հաղորդում է Associated Press-ը:
Տեղի մենաստանի միանձնուհիներից մեկը, որի անունը չի բացահայտվում անվտանգության նկատառումներով, լրագրողներին հեռախոսով ասել է, որ գրոհը սկսվել է սեպտեմբերի 4-ի արևածագին՝ այն պատճառով, որ մահապարտ ահաբեկիչը գործի է դրել պայթուցիկ սարքը Մաալուլայի մոտ գտնվող հսկիչ անցակետում:
Նրա խոսքերով՝ կառավարական զորքերի ստորաբաժանումները մարտ են մղում գյուղի մուտքի մոտ, ապստամբները գրավել են «Սաֆիր» հյուրանոցը: Միանձնուհին պնդում է, որ բանակը ավիահարվածներ է հասցնում գրոհայիններին:
Սիրիայում տեղակայված մարդու իրավունքների հարցերով բրիտանական դիտորդական կենտրոնը հաստատել է գյուղի գրոհի փաստը: Կենտրոնի ակտիվիստների խոսքերով՝ հարձակումն իրականացրել են «Ջեբհաթ Ալ-Նուսրա ճակատի» գրոհայինները, որոնք կապված են «Ալ-Քաիդա»-ի հետ:







































