Սեպտեմբերի 3-ին Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու «ցանկության» մասին Մոսկվայում հայտարարելուց և վերադառնալուց անմիջապես հետո նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հրամանագիր ստորագրեց սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով ստեղծելու մասին: Անուղղակիորեն սա կարելի է համարել «Հայաստանի ցանկության» դիմաց Ռուսաստանի փոխհատուցումը Սերժ Սարգսյանին: Իշխանությունը, ինչպես հայտնի է սահմանադրական փոփոխությունների միջոցով ցանկանում է փոխել երկրի կառավարման կարգը կիսանախագահական համակարգը փոխարինելով խորհրդարանական կառավարմամբ: Այդ սցենարի իմաստն այն է որ գործող նախագահ Սերժ Սարգսյանը նախագահության երկրորդ ժամկետը լրանալուց հետո հնարավորություն ունենա պահպանել իշխանությունը վարչապետի պաշտոնում: Ըստ էության, Մաքսային միությանն անդամակցելու «ցանկության» դիմաց Սերժ Սարգսյանը Վլադիմիր Պուտինից ստացել է այդ հնարավորությունը: Ամենայն հավանականության, Պուտինը Սարգսյանին կանգնեցրել է երկընտրանքի առջև՝ Հայաստանը պետք է անդամակցի Մաքսային միության Սարգսյանի նախագահությամբ կամ առանց նրա: Այլ կերպ ասած, Պուտինին մերժելու դեպքում Ս. Սարգսյանը կարող էր զրկվել իշխանությունից, ինչի «տեխնիկական լուծումները» գուցե Պուտինը ներկայացրել է նույն հանդիպման ժամանակ որպես այլընտրանք առաջարկելով «համակողմանի աջակցություն»՝ Հայաստանում նրա իշխանության վերարտադրության հարցում: Այսինքն՝ գործել է իշխանություն՝ Հայաստանի ինքնիշխանության կորստի դիմաց բանաձևը:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «168 ժամ»-ի այսօրվա համարում:








































