Friday, 29 03 2024
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա

TED Talks. Էլինոր Լոնգդըն. Ձայներն իմ գլխում

Այն օրը, երբ առաջին անգամ հեռացա տնից համալսարան ընդունվելու համար, պայծառ օր էր`լեցուն հույսով և լավատեսությամբ: Ես լավ էի սովորում դպրոցում: Ակնկալիքներս մեծ էին, և ես ուրախությամբ մտա ուսանողական` լեկցիաների, երեկույթների և ճանապարհային կոների գողության կյանք:

Այժմ արտաքին տեսքն, իհարկե, կարող է խաբուսիկ լինել, և ինչ-որ չափով այդ առույգ ու եռանդուն անհատականությունը, ով հաճախում է լեկցիաների և գողանում ճանապարհային կոներ, մի խաբկանք էր, թեև շատ լավ մտածված և համոզիչ խաբկանք: Ներքուստ ես իրականում շատ դժբախտ էի, անվստահ ու ամբողջովին վախեցած. վախեցած մարդկանցից, ապագայից, ձախողումից և այն դատարկությունից, որ զգում էի իմ մեջ: Բայց ես հմտորեն թաքցնում էի դա և արտաքուստ այնպիսի մարդու տպավորություն էի թողնում, ով ուներ ամեն ինչ նրա վրա հույս դնելու համար և ձգտելու նրա նման լինել: Անխոցելության այս երևակայությունը այնքան կատարյալ էր, որ նույնիսկ ինքս ինձ էի խաբում, և առաջին կիսամյակի ավարտից և երկրորդի սկսվելուց հետոոչ ոք չէր կարող գուշակել, թե ինչ էր պատրաստվում հետս կատարվել:

Ես, ավարտելով սեմինարը, գնում էի, երբ այն սկսվեց` մտքումս երգելով, պայուսակիս հետ խաղալով, ճիշտ այնպես, ինչպես նախկինում եմ արել բազմիցս, երբ հանկարծ լսեցի մի ձայն, որն ասում էր «Նա դուրս է գալիս սենյակից»:

Նայեցի շուրջս, ոչ ոք չկար, բայց դիտողության պարզությունն ու վճռականությունն ակներև էր:Ցնցված` թողեցի գրքերս աստիճանների վրա և շտապեցի տուն, բայց ձայնն այնտեղ էլ կար: «Նա բացում է դուռը»:

Սա սկիզբն էր: Սկսել էի լսել այդ ձայնը: Եվ այն շարունակվեց օրեր ու հետո շաբաթներ` երրորդ դեմքով վերարտադրելով այն ամենն, ինչ անում էի:

«Նա գնում է գրադարան»:

«Նա գնում է դասի»: Այն չեզոք էր, անտարբեր և նույնիսկ որոշ ժամանակ անց տարօրինակ կերպով անկեղծ ու հուսադրող, չնայած ես նկատում էի, որ ձայնի արտաքուստ հանգստությունը փոխվում էր, և որ այն երբեմն արտացոլում էր իմ սեփական չարտահայտված զգացմունքները: Այսպիսով, օրինակ, եթե ես բարկացած էի և ստիպված էի թաքցնել դա, ինչը հաճախ էի անում, զգացմունքներս թաքցնելուց հմուտ լինելով, ապա ձայնը հիասթափված էր հնչում: Այլապես, այն ո’չ չար էր, ո’չ էլ մտահոգիչ, չնայած նույնիսկ այդ պահին պարզ էր, որ այն ինչ-որ բան էր ինձ հաղորդում զգացմունքներիս մասին, հատկապես այն զգացմունքների, որոնք հեռավոր էին և անհասանելի:

Այդ ժամանակ էր, որ ես ճակատագրական սխալ գործեցի, երբ ընկերուհուս պատմեցի ձայնի մասին, և նա սարսափահար եղավ: Մի նուրբ վերլուծական գործընթաց սկսվեց. ենթադրությունը, որ նորմալ մարդիկ ձայներ չեն լսում և փաստը, որ ես համոզված էի, որ ինչ-որ բան իրոք այն չէր:Այդպիսի վախն ու անվստահությունը վարակիչ էին: Հանկարծ ձայնն այլևս այդքան բարի չէր թվում,և երբ ընկերուհիս պնդեց, որ դիմեմ բժշկի, ես ենթարկվեցի, և որը պարզվեց` երկրորդ սխալն էր:

Ես համալսարանի բժշկին սկզբից պատմեցի այն մասին, ինչն ինձ համար իրական խնդիրն էր հանդիսանում. անհանգստություն, ցածր ինքնագնահատական, վախը ապագայի նկատմամբ և ի պատասխան ստացա ձանձրացած անտարբերություն, մինչև չնշեցի ձայնի մասին, և այդ պահին էլ նա գցեց գրիչը, շրջվեց ու սկսեց ինձ հարցաքննել` իրական հետաքրքրություն ցուցաբերելով: Եվ անկեղծ ասած` ես հետաքրքրության և օգնության կարիք ունեի ու սկսեցի պատմել նրան իմ տարօրինակ մեկնաբանի մասին: Եվ ես միշտ երանի եմ տալիս, որ այդ պահին ձայնն ասեր. «Նա փորում է իր սեփական գերեզմանը»:

Ես դիմեցի հոգեբույժին, ով նույնպես բացասաբար մոտեցավ ձայնի առկայությանը` հետևաբար մեկնաբանելով այն ամենն, ինչ ասացի, թաքնված խելագարության տեսանկյունից: Օրինակ, ես մի ուսանողական հեռուստակայանի անդամ էի, որը համալսարանում նորություններն էր հաղորդում,և հոգեբույժի հետ մի հանդիպման ժամանակ, որը շատ ուշ ժամի էր, ասացի. «Ներեցեք, բժիշկ, ես պետք է գնամ: Ես պետք է նորությունները հաղորդեմ ժամը վեցին»: Հիմա իմ բժշկական փաստաթղթերում գրված է, որ Էլինորը ցնորքներ ունի և մտածում է, թե իբր հեռուստահաղորդավար է:

Սա հենց այն պահն էր, երբ իրադարձություններն սկսեցին արագորեն զարգանալ: Սկզբից ընկա հիվանդանոց, հետո ինձ մոտ ախտորոշեցին շիզոֆրենիա, իսկ ամենավատը այն էր, որ ինձ պարուրել էր հուսահատության ու նվաստացման մի թունավոր, տանջող զգացում իմ և իմ հեռանկարների նկատմամբ:

Բայց դրդված լինելով ընկալել այդ ձայնը ոչ որպես փորձություն, այլ որպես համախտանիշ` վախը դրա նկատմամբ և դրան դիմադրելը ավելի ուժեղացան: Այդ ժամանակ սա, ըստ էության, իրենից ներկայացնում էր իմ սեփական մտքի հանդեպ հարձակողական դիրքի ընդունում` հոգեկան քաղաքացիական պատերազմի մի տեսակ, և սա իր հերթին հանգեց ձայների շատացմանը, որոնք գնալով դառնում էին թշնամական և սպառնացող: Անօգնական ու անհույս` սկսեցի մեկուսանալ այս մղձավանջային ներքին աշխարհի մեջ, որտեղ ձայներին վիճակված էր դառնալ ինձ հետապնդողը և իմ միակ գիտակցված ուղեկիցը: Նրանք ինձ ասում էին, եթե, օրինակ, ապացուցեի, որ արժանի եմ նրանց օգնությանը, ապա նրանք կարող էին կյանքս կրկին նախկինը դարձնել, և իմ առջև չափազանց տարօրինակ առաջադրանքների մի շարք դրվեց, Հերակլեսի սխրագործությունների նման բան: Սկզբում բավականին հեշտ առաջադրանքներ էին, օրինակ, երեք փունջ մազ պոկել,բայց աստիճանաբար դրանք ավելի ծայրահեղ դարձան` ինքս ինձ վնասելու հրամաններ և մասնավորապես այս ցնցող հրամանը.

«Դու տեսնու՞մ ես ուսուցչին այնտեղ: Բաժակով ջուրն է՞լ ես տեսնում: Դե, դու պետք է գնաս ու ջուրը մյուս ուսանողների առջև լցնես ուսուցչի գլխին»:

Կարիք էլ չկա նշելու, որ այն, ինչ իսկապես արեցի, ինձ հարգանք չբերեց ֆակուլտետում:

Իրականում, վախի, խուսափումի, անվստահության ու չհասկացվածության մի դաժան շրջան էր սկսվել, և սա պայքար էր, որտեղ ինձ զգում էի անզոր և անկարող ինչ-որ չափով խաղաղություն և հաշտություն հաստատելու համար:

Երկու տարի անց վատթարացումը ողբերգական էր: Մինչև հիմա ես ունեի ողջ կատաղի ռեպերտուարը` սարսափելի ձայներ, անհեթեթ տեսիլներ. տարօրինակ ու համառ պատրանքներ: Իմ մտավոր առողջական վիճակը խթան հանդիսացավ խտրականության, նախատինքների,ֆիզիկական ու սեռական բռնությունների համար, իսկ իմ հոգեբույժն ինձ ասաց. «Էլինոր, ավելի լավ կլիներ քաղցկեղով հիվանդ լինեիր, որովհետև այն ավելի հեշտ է բուժել, քան շիզոֆրենիան»: Ինձ ախտորոշեցին, թմրանյութեր տվեցին` ազատվելով ինձնից, և մինչև հիմա ես այնպես տանջահար էի այդ ձայներից, որ փորձեցի գլխիս մեջ անցք բացել դրանց դուրս թողնելու համար:

Հիմա հետ նայելով այդ խորտակման ու հուսահատության տարիներին` ինձ թվում է` իբր ինչ-որ մեկը մահացավ այդ ժամանակ, մինչդեռ մի ուրիշն էլ փրկվեց: Մի կոտրված ու հալածված մարդ սկսեց այդ ճամփորդությունը, բայց այդ մարդը, ով երևան եկավ, փրկվել էր և վերջնականապես դարձել այն անձնավորությունը, որ ինձ էր բախտ վիճակվել լինել:

Շատ մարդիկ են վիրավորել ինձ իմ կյանքում, և ես հիշում եմ նրանց բոլորին, բայց այդ հիշողությունները դառնում են աղոտ ու թույլ` համեմատած ինձ օգնած մարդկանց մասին հիշողությունների հետ: Իմ պես ձայներին զոհ դարձածները, ձայներ լսողները, ընկերներն ու գործընկերները, մայրս, ով երբեք չհրաժարվեց ինձնից, ով գիտեր, որ մի օր ես կվերադառնամ նրա մոտ և պատրաստ էր սպասել ինձ ընդմիշտ, բժիշկը, ով ինձ հետ աշխատել է շատ քիչ, բայց ով պարտադրեց ինձ իր այն համոզմունքը, որ ապաքինումը ոչ միայն հնարավոր է, այլև անխուսափելի, և ախտադարձության ծանր ժամանակահատվածում ասաց իմ ահաբեկված ընտանիքին. «Հույսներդ մի’ կորցրեք: Ես գիտեմ, որ Էլինորը կհաղթահարի իր հիվանդությունը:Գիտեք, երբեմն մայիսին էլ է ձյուն տեղում, բայց ամառը վերջ ի վերջո գալիս է»:

Տասնչորս րոպեն բավական չէ հաշվելու այն բոլոր բարի ու գթասիրտ մարդկանց, ովքեր պայքարեցին ինձ հետ և ինձ համար, և ովքեր ինձ սպասեցին` հետ ողջունելու այդ տառապալից, միայնակ վայրից: Բայց միասին նրանք ստեղծեցին խիզախության, ստեղծագործականության, միասնականության ու ամուր հավատքի մթնոլորտ, որտեղ իմ կործանված եսը կարողացավ բուժվել և ամբողջանալ: Ես այն ժամանակ ասում էի, որ այս մարդիկ փրկեցին ինձ, բայց հիմա կասեմ, որ նրանք արեցին մի շատ ավելի կարևոր բան, քանզի նրանք դրդեցին ինձ փրկել ինքս ինձ, և հատկապես նրանք ինձ օգնեցին հասկանալ այն, ինչին ես միշտ կասկածել եմ. այն, որ իմ ձայները նշանակալից պատասխաններ էին կյանքի տխուր դեպքերին, հիմնականում մանկության ժամանակ եղած դեպքերին և որպես այդպիսին իմ թշնամիները չէին, այլ լուծելի հուզական խնդիրների ինտուիցիայի աղբյուր:

Սկզբնական շրջանում շատ դժվար էր հավատալ դրան, քանի որ ձայները այնպես թշնամական ու սպառնացող էին, այսպիսով, այս առումով առաջին կարևոր քայլը փոխաբերական իմաստն առանձնացնել սովորելն էր, ինչը նախկինում որպես բառացի ճշմարտություն էի մեկնաբանում:Օրինակ, ձայները, որոնք սպառնում էին հարձակվել իմ տան վրա, ես սովորեցի մեկնաբանել որպես աշխարհում վախի և անապահովության իմ սեփական գաղափարը, և ոչ թե որպես իրական վտանգ:

Սկզբում ես հավատում էի դրանց: Հիշում եմ, օրինակ, որ մի գիշեր պահակ էի նստել ծնողներիս սենյակի մոտ` նրանց պաշտպանելու ձայների սպառնալիքներից, որոնք ես իրական էի համարում:Քանի որ ես լուրջ խնդիր ունեի ինքնավնասման հետ կապված, տան խոհանոցային պարագաների մեծ մասը պահում էին, արդյունքում ես զինվում էի պլաստմասսե պատառաքաղով` զբոսախնջույքի համար նախատեսված, այն ամուր բռնած նստում սենյակի մոտ և սպասում, որ հանկարծ ինչ-որ բան կպատահի և ես անմիջապես կգործեմ: Ահա թե ինչ էի զգում այդ պահին. «Հետս կատակ մի’ արեք: Դուք գիտե՞ք, որ ես պլաստմասսե պատառաքաղ ունեմ»: Իմ ռազմավարությունը:

Բայց ուշացած և շատ ավելի կարևոր պատասխանը փորձելն էր վերականգնել բառերի հետևում թաքնված հաղորդագրությունը, այնպես որ երբ ձայները զգուշացնում էին,որ տնից դուրս չգայի, ես շնորհակալություն էի հայտնում նրանց, որ ուշադրությունս գրավում էին այն բանի վրա, թե որքան անապահով էի ինձ զգում, որովհետև եթե գիտակցում էի դա, կարողանում էի լավատեսորեն մոտենալ դրան, բայց շարունակում էի համոզել դրանց և ինքս ինձ, որ մենք ապահով էինք և կարիք չկար այլևս վախեցած զգալու: Ես սահմաններ էի դնում ձայների համար և փորձում հաղորդակցվել դրանց հետ վստահ, միևնույն ժամանակ հարգալից ձևով` հաղորդակցության ու համագործակցության դանդաղ ընթացք սկսելով, որտեղ մենք կարող էինք սովորել միասին գործել և աջակցել միմյանց:

Այս ամենի միջով անցնելուց հետո վերջնականապես հասկացա այն, որ ամեն մի ձայն սերտորեն կապված էր իմ եսի տարբեր կողմերի հետ, և որ դրանցից ամեն մեկը կրում էր ճնշող զգացմունքներ, որոնց ես երբեք հնարավորություն չեմ ունեցել լուծում տալ` սեռական վնասվածքի և բռնության, զայրույթի և ամոթի, մեղքի և ցածր ինքնագնահատականի հիշողություններ: Ձայները փոխարինել էին այս ցավին և բառերի վերածվել, և թերևս ամենամեծ բացահայտումներից մեկն այն էր, որ երբ հասկացա, որ ամենադաժան ու հարձակողական ձայներն իրականում ներկայացնում էին իմ այն կողմերը, որոնք ամենախորն էին վիրավորվել, և որպես այդպիսին հենց այս ձայներն էին, որ կարիք ունեին ամենամեծ կարեկցանքի ու հոգատարության:

Գիտակցելով այս ամենը` ես վերջին հաշվով հավաքում էի իմ փշրված եսի բեկորները,յուրաքանչյուր բեկոր արտահայտված մի ձայնով, աստիճանաբար հրաժարվում էի բոլոր դեղամիջոցներից կրկին դիմում հոգեբուժությանը` միայն այս անգամ այլ տեսանկյունից: Ձայների սկսվելուց 10 տարի անց ես վերջապես ստացա այս անգամ համալսարանի կողմից երբևէ շնորհվածհոգեբանության ամենաբարձր աստիճան և մի տարի անց մագիստրոսի ամենաբարձր կոչում, որն, ասենք, վատ չէ գիժ կնոջ համար: Իրականում ձայներից մեկը թելադրում էր թեստի պատասխանները քննության ընթացքում, որը, հնարավոր է, տեխնիկապես համարվում է խաբեություն:

Անկեղծ ասած` երբեմն ես նաև հաճույք էի ստանում դրանց ուշադրությունից: Ինչպես ասել է Օսկար Ուայլդը, երբ ձեր մասին վատ են խոսում, դրանից վատ կարող է լինել միայն մեկ բան՝ երբ ձեր մասին ընդհանրապես չեն խոսում: Դա կարող է նաև ձեզ շատ լավ ականջ դնող դարձնել,որովհետև միաժամանակ կարող եք լսել երկու զրույցների: Այնպես որ դա այնքան էլ վատ չէ:

Ես աշխատում էի մտավոր առողջական ծառայություններում, ելույթներ էի ունենում համաժողովներին, հրատարակում էի գրքից գլուխներ ու գիտական ​​հոդվածներ և ես պնդում էի ու շարունակում եմ պնդել հետևյալ հայեցակարգի արդիականությունը. այն է` հոգեբուժության մեջ կարևոր հարցը ոչ թե պետք է լինի` ինչ խնդիր ունեք, այլ ինչ է պատահել Ձեզ: Եվ անընդհատ ես լսում էի իմ ձայներին, որոնց հետ վերջ ի վերջո սովորեցի ապրել խաղաղությամբ ու հարգանքով, և որոնք իրենց հերթին արտացոլում էին կարեկցանքի, ընդունման եւ հարգանքի ձևավորվող մի զգացում իմ նկատմամբ: Եվ ես հիշում եմ ամենահուզիչ ու տարօրինակ պահը, երբ մի այլ երիտասարդ կնոջ աջակցելիս, ով նույնպես ահաբեկված էր իրեն լսվող ձայներից, և լիովին գիտակցելով ամենաառաջին անգամ, որ ես այլևս չէի վախենում, բայց վերջապես ի վիճակի էի օգնել մեկ ուրիշին, ով վախենում էր:

Ես հիմա շատ հպարտ եմ Ինտերվոյսի` Ձայներ լսող մարդկանց միջազգային շարժման կազմակերպական մարմնի մի մասը լինելով` նախաձեռնություն, որն իր գաղափարն ստացել է պրոֆեսոր Մարիուս Ռոմի և դոկտոր Սանդրա Էշերի աշխատանքից, որը ձայներ լսելու երևույթը համարում է գոյատևման ստրատեգիա, նորմալ ռեակցիա խելագար հանգամանքների դեպքում, ոչ թե շիզոֆրենիայի արտառոց ախտանիշ, որը պետք է հանդուրժել, այլ մի բարդ, կարևոր ու իմաստալից փորձություն, որը պետք է ուսումնասիրել: Միասին մենք նախատեսում ու սահմանում ենք մի հասարակություն, որը հասկանում և հարգում է ձայներ լսող մարդկանց, նրանց կարիքներին ընդառաջ է գալիս, և ինչն էլ դարձնում է նրանց լիարժեք քաղաքացիներՀասարակության այս տեսակը ոչ միայն հնարավոր է, այլև այն իր զարգացման ճանապարհին է:Չավեսի խոսքերով` սոցիալական փոփոխություն եթե լինում է, ապա այն անդառնալի է: Չես կարող ստորացնել մի մարդու, ով հպարտ է: Չես կարող ճնշել այն մարդկանց, ովքեր այլևս չեն վախենում:

Ինձ համար Ձայներ լսող մարդկանց շարժման ձեռքբերումները հիշեցում են այն բանի, որ կարեկցանքը, ընկերությունը, արդարությունը և հարգանքը ավելի կարևոր են, քան բառերը, դրանք համոզմունքներ են ու կարծիքներ, որոնք կարող են փոխել աշխարհը: Վերջին 20 տարիների ընթացքում Ձայներ լսող մարդկանց շարժումը ստեղծել է ցանցեր հինգ մայրցամաքներում գտնվող 26 երկրներում,որոնք միասին համագործակցելով առաջ են քաշում արժանապատվություն, միասնություն և իրավունքների ընդլայնում հոգեկան խանգարումներ ունեցող մարդկանց համար`նոր լեզու և հույս ստեղծելու նպատակով, որն անսասան հավատ և ուժ է ներշնչում անհատին:

Ինչպես Փիթըր Լըվինն է ասել, մարդ-կենդանին եզակի արարած է, որն օժտված է բուժելու բնազդային ունակությամբ և այս բնածին ունակությունն օգտագործելու մտավոր ոգով: Այս առումով, հասարակության անդամների համար չկա ավելի մեծ փառք ու պատիվ քան հիվանդի բուժման այդ պրոցեսը հեշտացնելը` ականատես լինելու, օգնության ձեռք մեկնելու, հիվանդի տառապանքները կիսելու և նրանց առողջացման համար հուսալու համար: Եվ նմանապես, հատուկ դիսթրեսի ու ընկճախտի զոհ դարձածների համար, մենք հիշում ենք, որ ստիպված չենք ապրել` մեր կյանքն անընդհատ փչացնելով այն կործանանար դեպքերով, որոնք պատահել են մեզ հետ: Մենք եզակի ենք: Մենք անփոխարինելի ենք: Մեր ներսում ինչ կա, երբեք չի կարող իսկապես գաղութացվել, փոխվել կամ հեռացվել: Լույսը երբեք դուրս չի գալիս:

Ինչպես մի անգամ մի հիանալի բժիշկ ասաց ինձ, «Ինձ մի’ պատմիր, թե ուրիշնեը ինչ են ասել քո մասին: Դու պատմի’ր քո մասին»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում