Եմենի բնակչության 2/3-ը մարդասիրական օգնության կարիք ունի, և ՄԱԿ-ին անհրաժեշտ է 2.1 մլրդ դոլար՝ սովի շեմին հայտնված երկրում գործողությունների ակտիվացման համար։ Այս մասին հայտարարել է մարդասիրական հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ստիվեն Օ՝Բրայենը՝ փոխանցում է TASS գործակալությունը։
«Այսօր 19 մլն մարդ՝ երկրի բնակչության մոտ 2/3-ը, մարդասիրական օգնության կամ պաշտպանության կարիք ունի։ Այսօր առավոտյան 7 մլն եմենցիներ չեն իմացել, որտեղից սնունդ հայթայթել, գոյատևման համար նրանց շտապ անհրաժեշտ է սննդամթերք»,-ասել է նա Սանայում մամլո ասուլիսի ժամանակ։ Օ՝Բրայենի խոսքով՝ մինչև 5 տարեկան մոտ 500 հազար երեխաներ տառապում են սուր թերսնումից, իսկ յուրաքանչյուր 10 րոպեն մեկ երկրում մեկ երեխա է մահանում հիվանդություններից կամ բարդություններից, որոնք կարելի էր կանխել։
Իրավունքների և զարգացման հարցերով եմենյան կենտրոնի տվյալներով՝ 2015 թվականի գարնանից երկրում ավելի քան 10 հազար խաղաղ բնակիչ է սպանվել, այդ թվում մոտ 2400 երեխա։










































