Պատմաբան Հայկ Կոնջորյանը Մարտի մեկը համահիշողություն է համարում. «Միշել Ֆուկոն ասում է, որ հակահիշողությունն անհատի դիմադրությունն է՝ հաստատված սահմանված պատմական սցենարին: Մարտի մեկի դեպքում մենք գործ ունենք ոչ թե հակահիշողության, այլ համահիշողությունների հետ:
Սա ուղղակիորեն կապ ունի կոլեկտիվ հիշողություն հասկացության հետ: Կոլեկտիվ հիշողությունը ձևավորվում է տարբեր խմբերի համագումարի արդյունքում: Եթե մենք դիտարկենք Մարտի մեկի դեպքերը և դրանից հետո անցած ժամանակահատվածը, ապա կտեսնենք, որ տարբեր խմբեր խմբային կերպ են իրենց հիշողությունը կառուցում Մարտի մեկի շուրջ: Իհարկե, կան որոշակի ընդհանուր հատկանիշներ, բայց կա մեկնաբանության խնդիր»,- ասաց նա՝ հավելելով, որ Մարտի մեկը, ըստ էության, մեր ներկան է, ոչ հեռավոր անցյալը, և այդ անցյալի ներկայությունը նպաստում է մեկնաբանությունների բազմազանությանը: Արդյունքում, ընդդիմությունը որոշ երևույթներ իր ձևով է մեկնաբանում, իշխանությունը՝ իր:
«Մարտի մեկի հիողությունը տրավմատիկ հիշողություն է, նման տիպի հիշողությունների հետ անհատը, ինչպես նաև տարբեր խմբեր տարբեր կերպ են վարվում»,- նկատեց պատմաբանը: Այսօր հիշողության կազմակերպման ավելի լայն դաշտ կա՝ մեդիա, «Ֆեյսբուք», թերթեր, և հիշողության կազմակերպման բազմազանությունը, Հ. Կոնջորյանի խոսքով, մի կարևոր հարցադրում է անում` մարդիկ, ովքեր այնտեղ չեն եղել, պետք է իրենց հիշողությունը կառուցեն այն ինֆորմացիայի վրա, որ նրանց տրվում է հեռուստատեսությամբ, թերթերով և այլն: Եվ այստեղ մի կարևոր խնդիր է առաջ գալիս՝ հիշողության մանիպուլյացիայի խնդիրը, որը շատ հաճախ կարող են ներկայացնել տարբեր խմբեր տարբեր խմբային շահերից ելնելով: Մարտի մեկը, ըստ նրա, թե՛ ընդդիմության, թե՛ իշխանության կողմից երկկողմանի շահարկումների է ենթարկվում: Մարտի մեկը, անկախ մեզանից, ենթարկվում է մանիպուլյացիայի, քանի որ հանրային դիսկուրսը բևեռացված մակարդակի վրա է ընթանում:









































