«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է արցախցի քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանը։
![]()
– Պարոն Քանանյան, սահմանային իրավիճակը վերջին օրերին կրկին լարված է, հակառակորդի կողմից եղան հարձակման փորձեր։ Ի՞նչ եք կարծում՝ հնարավո՞ր է առաջիկայում նմանատիպ փորձերը վերածվեն ավելի լայնամասշտաբ պատերազմական գործողությունների։
– Անցած տարվա ապրիլից մեր դեմ սահմանվել է հյուծող պատերազմի նոր նշաձող։ Այսուհետ Ադրբեջանի կողմից վաղուց չգործող հրադադարի խախտումները սկսելու են ունենալ այնպիսի դրսևորումներ, որոնք նման կլինեն ապրիլյան պատերազմին։ Ապրիլյան պատերազմը փորձ էր՝ ստուգելու հայոց բանակի մարտունակությունը, և այդ իմաստով մենք պետք է պատրաստ լինենք հենց արդեն ապրիլյան պատերազմի տեսքով տարին 1, 2 կամ 3 անգամ կրկնվող իրադարձությունների։ Պարզապես ապրիլյան պատերազմը թեև մեզ համար տարածքային կորուստների պատճառ հանդիսացավ, բայց ադրբեջանական բանակը չհասավ այն նվազագույն ենթադրվածին, որին պետք է հասներ, հետևաբար իրենք որոշակիորեն զգուշանում են։ Մարտին կամ ապրիլին, թերևս հենց Հայաստանում սպասվող ընտրությունների օրերին, միանգամայն հնարավոր է շատ խոշոր ռազմական սադրանք։ Ու եթե ինչ-որ մի փուլում, ինչ-որ մի պահի հայկական զորքը չկարողանա անհրաժեշտ պաշտպանական դիմադրություն ցույց տալ, ապա այդպիսի փոքր տեղայնացված պատերազմը կարող է արագորեն վերաճել համապարփակ պատերազմի։ Համենայնդեպս, անիմաստ է մեր կողմից զբաղվել կանխատեսումներով, թե երբ պետք է սկսվի պատերազմը, ամեն վայրկյան ու րոպե կարող է սկսվել։ Մենք պետք է քաջ գիտակցնեք, որ պատերազմի վերջնական որոշումն ընդունելու է Բաքուն։ Դժբախտաբար, Հայաստանի ներկայիս իշխանությունները ի վիճակի չեն անգամ մտածել կանխարգելիչ պատերազմ իրականացնելու մասին, դրա համար անհրաժեշտ պաշարներ էլ չունեն։ Պետք է քաջ գիտակցենք, որ պատերազմը լինելու է։ Բարեբախտաբար, հիմա մեր բանակն ավելի պատրաստ է, քան նախաապրիլյան իրավիճակում, բայց մենք պետք է մեր հասարակությանը պատրաստենք այն մտքին, որ պատերազմն անխուսափելի է, և ոչ մի խաղաղության պայմանագիր չի կարող երաշխավոր հանդիսանալ, Ադրբեջանի որակի պետության հետ խաղաղության պայմանագիր հնարավոր չէ։
– Հայաստանի քաղաքական դաշտի մոտեցումները Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ ինչպե՞ս եք գնահատում։ Կա պաշտոնական տեսակետ, որին աջակցում է Լևոն Տեր-Պետրոսյանը։ Օրերս էլ ընդդիմություն դարձած պաշտպանության նախկին նախարարը նշեց, որ միակողմանի զիջումներ չպետք է լինեն, և կարգավորման հարցում չպետք է լինեն հաղթողներ ու պարտվողներ։ Արդյոք այս իրավիճակում որևէ փոխզիջման մասին խոսլեն արդարացվա՞ծ է։ Ինչքանո՞վ են նման մոտեցումները վտանգավոր։
– Ես կասեի, որ ձեր մատնանշած տեսակետը իրականում լիովին լուսանցքային տեսակետ է։ Այլ հարց է, որ այսօր թե՛ ՀՀ իշխանությունները և թե՛ քաղաքական դաշտը, անկախ իրենց ունեցած միջոցներից, քաղաքական գործնական ազդեցությունից, լուսանցքային տեսակետի կրող են։ Այսօր հանրության մեջ այլ մոտեցում է հաղթանակել, այն հաղթանակել է նաև բանակում՝ թեև ոչ պաշտոնական մակարդակում։ Եվ այդ մոտեցումը հետևյալն է՝ նվազագույն տարածքային զիջումը բերելու է մեր պաշտպանական համակարգի ամբողջական փլուզման և նոր պատերազմի անմիջական վերսկսման։ Հետևաբար որքան էլ հաճախ հնչեն այդպիսի տեսակետներ, դրանք անլուրջ ու անիրագործելի են։ Ես չեմ պատկերացնում, որ այսօր որևէ ճանապարհով հնարավոր է նվազագույն տարածքային զիջման գնալ։ Այդպիսի ոտնձգության դեպքում որոշ մարդիկ վատթար ճակատագրի կարժանանան։ Մի զարմացեք՝ Լևոն Տեր-Պետրոսյանը երրորդ հանրապետության ողջ քաղաքականության, դիվանագիտության հիմնադիրն է։ Սեյրան Օհանյանից զիջումների մասին լսելը նույնպես տարօրինակ չէ, որովհետև Սեյրան Օհանյանը Սերժ Սարգսյանից շատ ավելի արտաքին ուժերից դիտվում էր որպես պահուստային ու գլխավոր տարբերակ տարածքային զիջումները Հայաստանին պարտադրելու համար։ Եթե արտաքին ուժային կենտրոնները վերջնական որոշում կայացնեին Հայաստանին տարածքային զիջումներ պարտադրելու համար, ապա Սեյրան Օհանյանը Սերժ Սարգսյանից ավելի շատ տարածք հանձնող է, ինչպես նաև իր կողքին հայտնված Օսկանյան կոչեցյալը։ Հետևաբար բոլորը նույն որակի, նույն էջը թերթած պատմական փուլի ներկայացուցիչներ են։ Այլ խնդիր է, որ հայ ժողովուրդը ցայսօր չի կարողացել իրական քաղաքական դաշտում ձևավորել դրա քաղաքական այլընտրանքը։ Բայց այսօր քաղաքական այլընտրանքի բացակայությունը բոլորովին չի նշանակում, որ Սերժ Սարգսյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի լուսանցքային ու կործանարար տեսակետը իրագործելի է։
– Հայ հանրությունը կարո՞ղ է այդ պետական քաղաքականությանը դեմ գնալ։ Այսինքն՝ ունի՞ արդյոք հանրությունն այդչափ գիտակցություն։
– Դառը հարց եք տալիս։ Եթե մենք հիմա փորձենք վիճակագրորեն տուն առ տուն գնալ՝ այսօր էլ համոզված եմ, որ մարդկանց մեծ մասը դեմ է տարածքային զիջումներին։ Բայց անգամ եթե մենք բախվելով հուսալքված մարդկանց՝ լսենք նաև այլ պատասխան, այն այնքան չի վերաբերելու Արցախին, որքան Հայաստանի ապագային՝ «երկիրը երկիր չէ» հիմար բանաձևի շրջանակներում։ Մենք այս դեպքում կարող ենք թյուր պատկերացում ստանալ, հանրության խոսքը անպայման չէ վիճակագրությամբ չափել։ Ես կրկնում եմ՝ երբ պահը գա, իշխանությունները հարցը դնեն, ապա արցախյան հանրության, բանակի, գործող դաշտային բանակի, հանրության՝ այսօր թերևս քաղաքականապես ակտիվորեն չդրսևորվող, բայց ազգային պատասխանատվությամբ առաջնորդվող տարրերի անմիջական և համագումար գործողությամբ տապալվելու է։










































