Ռուսաստանի և Իսրայելի դեսպանատների աշխատակիցները սպասում են ադրբեջանական կողմի պատասխանին՝ Բաքվի մեկուսարանում գտնվող բլոգեր Ալեքսանդր Լապշինի հետ հանդիպելու համար: Այս մասին RIA Novosti գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է բլոգերի փաստաբան Էդուարդ Չերնինը՝ հավելելով, որ դատական գործընթացի մեկնարկի ժամկետները հայտնի չեն:
«Երեկ հանդիպել եմ իմ պաշտպանյալ Ալեքսանդր Լապշինի հետ: Նա որևէ բողոք չի արտահայտել: Ամեն ինչ կարգին է»,-ասել է փաստաբանը:
Նրա խոսքով՝ ՌԴ-ի և Իսրայելի դեսպանատների աշխատակիցները հարցում են ուղարկել Լապշինին հանդիպելու համար և սպասում են ադրբեջանական կողմի պատասխանին: Չերնին նաև մեկնաբանել է ԶԼՄ-ներում ավելի վաղ հրապարակված տեղեկությունը, ըստ որի Լապշինը մոտակա ժամանակներս հանդիպելու է կնոջ հետ: «Դա դեռևս հարցականի տակ է»,-ասել է գործակալության զրուցակիցը:







































