«Առաջին լրատվական»– ի զրուցակիցն է երգիչ, երգահան Եղիշե Պետրոսյանը:
-Պարոն Պետրոսյան, ամիսներ առաջ նախաձեռնեցիք մի շարժում, այն անվանելով «Հոգևոր Հայաստան»: Այս նախաձեռնությունը ամիսների ընթացքում պարբերաբար հայտարարություններով հանդես եկավ: Վերջին հայտարարությունը ապրիլի 2-ին նշանակված ընտրությունների օրը փոխելու վերաբերյալ էր, այս պահին ի՞նչ անելիքներ ունի «Հոգևոր Հայաստանը»: 9 դաշինք և կուսակցություն արդեն հայտարարել են ընտրություններին մասնակցելու մասին, ո՞ւմ է աջակցելու «Հոգևոր Հայաստանը»-ը՝ մասնավորապես կա՞ն անհատներ, որ այս կամ այն կերպ համակրում են կամ որևէ շարժման մեջ են:
-Թյուր կարծիք թող չլինի, թե սա մի նախաձեռնություն է, որը ի վերջո պետք է գա ինչ-որ մի եզրահանգման և սատարի որևէ ուժի քաղաքական դաշտում, ո՛չ: Մեր դերը ես կարևորում եմ նրանով, որ մենք անընդհատ ահազանգողի դերում ենք, մենք նայում ենք զանգակատան բարձունքից և մեր ազգի, մեր պետականության, մեր անվտանգության, մեր բարոյական արժեքների վերաբերյալ խնդիրների շուրջ մենք անընդհատ բարձրաձայնում ենք և ուշադրություն ենք հրավիրում այն բաների վրա, որոնք վտանգավոր են և կարող են վտանգել նաև համազգային մեր կեցությունը:
–Այսինքն՝ առհասարակ այդպիսի ծրագիր չունե՞ք, թե կոնկրետ որ քաղաքական ուժին կամ շարժմանը կաջակցեք:
-Ճիշտն ասած՝ ծրագրեր կան, որոշ ծրագրեր մենք ենք գեներացնում, ընդհանրապես քաղաքական ուժերը և հասարակական կազմակերպություններն իրենք են աջակցում մեզ: Մենք զուտ ճարտարապետն ենք հետաքրքիր գաղափարների: Կոչ ենք անում բոլորին, որ նրանք կարողանան աջակցել և մտածել այն մասին, ինչի մասին մենք բարձրաձայնում ենք, և մենք աջակցություն ունենք որոշ կուսակցությունների կողմից:
-Երբ որ «Հոգևոր Հայաստան»- ի անդրանիկ համագումարն էր, այնտեղ շատերը ելույթ ունեցան՝ մասնավորապես Տիգրան Մանսուրյանը, հետո ձեր համակիրների շարքում տեսանք Հասմիկ Պապյանին, Սվետլանա Նավասարդյանին, նրանք շարունակո՞ւմ են մնալ նախաձեռնության աջակից, թե՞ ոչ:
-Հասմիկ Պապյանը շատ ակտիվ մասնակից է, եթե հաշվի չառնենք հեռավորությունը, մենք նամակագրական կապի մեջ ենք: Նարինե Թուխիկյանը նույնպես մեր նախաձեռնողներից է, գնալով մեր շարքերը ուժեղանում և ամրապնդվում են, բայց ես կուզենայի առողջ տեմպ տեսնել: Մենք անընդհատ հանդիպումների, նամակագրության մեջ ենք: Մենք հարց ենք բարձրացնում, որ հայության համար, նրա գոյության, նրա ապագայի, նրա տեսակի պահպանման միակ երաշխիքը, անկախ նրանից թե նա մոլորակի որ ծայրում է, ամուր Հայաստանն է, այսինքն՝ Հայաստանն այնքան պետք է ամրանա, որ ինքը տեր կանգնի իր քաղաքացիներին և աշխարհասփյուռ հայերին: Այսինքն՝ միասնականության վրա հենված երկրի մասին ենք խոսում:
Մենք պատրաստվում ենք համաժողովի, որը երևի թե ընտրություններից առաջ տեղի կունենա: Ես վատ կանխատեսում ունեմ՝ կապված այս ընտրությունների հետ. ամեն ինչ արդեն նախօրոք արվել է, իշխանություններն ամեն ինչ նախապատրաստել են: Սա ազգի բզկտման հերթական միջոցառում է՝ ընտրություններ անունով: Վենետիկի անբարոյական հանձնաժողովը մեզ Մովսեսի նման անապատներով տանում է, իբր թե մենք ժողովրդավար ենք դառնում, ո՛չ, այնտեղ դրված են ականներ, որ մենք անպայման բզկտվենք, որ մենք իրար ուտենք, և նրանք մեր երկիրը թալանեն սիրով:
Հարցազրույցն՝ ամբողջությամբ՝ տեսանյութում:









































