ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Գյումրիի Կումայրի պատմական կենտրոնի զարգացման ծրագրով հանձնարարեց առանձնացնել պիլոտային թաղամաս և իրականացնել հատակագծման և ինժեներական աշխատանքներ: ՀՀ կառավարության նիստի մեկնարկին ՀՀ վարչապետն ընդգծեց, որ ծրագրի նկատմամբ հանրային մեծ հետաքրքրություն կա, ուստի անհրաժեշտ է գործնական քայլեր սկսել այդ ուղղությամբ:
«Հաշվի առնելով այդ ծրագրի հանդեպ հանրային ուշադրությունը և ակնկալելով մասնագիտական խորացված գործընթաց՝ հանձնարարում եմ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին մինչև 2017 թվականի հունիսի 10-ը ծրագրով որոշված տարածքի սահմաններում, համագործակցելով մշակույթի նախարարության հետ, առաջնահերթության կարգով առանձնացնել պիլոտային թաղամաս և մշակել մանրամասն հատակագծման, ինչպես նաև ամբողջ տարածքի ինժիներական ենթակառուցվածքների նախագծերը»,-Կարապետյանը:
Վարչապետը նաև հանձնարարեց Կումայրի պատմական կենտրոնի զարգացման ներկայումս իրականացվող նախագծային աշխատանքները համակարգելու նպատակով ներգրավել «Հայնախագիծ» բաց բաժնետիրական ընկերության արվեստանոցի ղեկավար, ՀՀ վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանին և ներկայացնել նշված աշխատանքների ժամանակացույցը:









































