«Կառավարման համակարգի ներկայիս` կիսանախագահական ձևը վերացնելու և խորհրդարանական կառավարման համակարգին անցնելու հարցադրում այսօր չկա»,-«168 ժամ» պարբերականի թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանը՝ մեկնաբանելով 2014 թ. սահմանադրական հանրաքվե անցկացնելու մասին տեղեկությունները:
«Կա քննարկում, թե որքանով է այսօրվա համակարգը համապատասխանում արդի պահանջներին, և միայն քննարկման արդյունքում ես կկարողանամ արտահայտել իմ կարծիքը: Այս պահի դրությամբ՝ դեռևս վաղաժամ է խոսել»,- նշել է Դ. Հարությունյանը:
Ի պատասխան թերթի թղթակցի հարցի, թե ընդհանրապես կա՞ նման սահմանադրական փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն, Դավիթ Հարությունյանը պատասխանել է.
«Կարծում եմ, որ այո, կա»: «Կարծում եմ’ (ոչ միայն ժողովրդավարության զարգացման,- խմբ.) նաև մարդու իրավունքների պաշտպանության ավելի կատարելագործված մեխանիզմներ ստեղծելու առումով և ավելի արդյունավետ կառավարման ձևի հետ կապված անհրաժեշտ են քննարկումներ, որպեսզի տեսնենք՝ որքանով է այսօրվա կառավարման ձևն արտահայտում արդի մարտահրավերներին դիմակայելու պատշաճ մակարդակը»,- ասել է Դ. Հարությունյանը:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «168 ժամ»-ի այսօրվա համարում:









































