Վերաքննիչ քրեական դատարանում սկսվել է Գևորգ Գևորգյանի գործով բերված վերաքննիչ բողոքների քննությունը:
Գործը քննվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Լեռնիկ Աթանյանի նախագահությամբ:
33-ամյա Գևորգ Գևորգյանին մեղադրանք էր առաջադրվել շորթման ու տուժողի նկատմամբ բռնություն գործադրելու, ծեծելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 182 հոդվածի 1-ին մասով և 118 հոդվածով:
Տուժողը Գևորգի հարևանուհի Հերմինեն է, ով ինքն էլ չի ժխտել, որ զբաղվում է մարմնավաճառությամբ:
2013 թվականի հունվարի 14-ին Հերմինեն հաղորդում է տվել ոստիկանությունում, թե հարևան Գևորգը, իմանալով, որ ինքը զբաղվում է մարմնավաճառությամբ, 2012 թվականի հոկտեմբերից սկսած՝ պարբերաբար իրեն հանդիպել է շենքի մուտքում կամ այցելել է իր բնակարան, սպառնացել, թե մարմնական վնասվածքներ կպատճառի իրեն ու իր երկու անչափահաս երեխաներին, խնդիրներ կառաջացնի իր համար, եթե ինքը նրան կանխիկ գումար չտա:
Ինքը, մտածելով, թե անպաշտպան է, ապրում է երկու երեխաների հետ, իսկ Գևորգը նախկինում դատվել է դանակահարության ու ավազակության համար, կարող է վնասել իրեն, իրագործել սպառնալիքները, պարբերաբար Գևորգին տվել է 3-ից 5 հազար դրամ, լիցքավորման քարտեր, ոսկե մատանի:
Ըստ Հերմինեի՝ 2013 թվականի հունվարի 13-ի երեկոյան Գևորգը դարձյալ մտել է իր բնակարան, հայհոյել, ձեռքերով ու ոտքերով հարվածներ հասցրել իր մարմնի տարբեր մասերին, ծեծել է նաև այդ պահին իր տանը գտնվող ընկերուհուն:
Ընդհանուր իրավասության դատարանում Գևորգ Գևորգյանը շորթման մասով իրեն մեղավոր չի ճանաչել, իսկ ծեծի մասով մեղավոր է ճանաչել մասնակիորեն:
Ըստ Գևորգի՝ տուժող Հերմինեին ճանաչել է մանկուց: Նրա երեխաների հետ եղել է լավ հարաբերությունների մեջ:
30 հազար դրամով Հերմինեին վաճառել է իր լուսանկարչական ապարատը, 40 հազար դրամով՝ բջջային հեռախոսը: Պայմանավորվել են, որ Հերմինեն այդ գումարները կվճարի մաս-մաս:
Ինքը Հերմինեին զգուշացրել է, որ մարմնավաճառ ընկերուհիներին տուն չթողնի, քանի որ նրանց հետ շենք էին գալիս անծանոթ տղաներ՝ ոգելից խմիչք օգտագործած վիճակում:
2013 թվականի հունվարի 10-ին ինքը մտել է Հերմինեի տուն, զայրացած պահանջել, որ մարմնավաճառ ընկերուհուն հանի տանից:
Հաջորդ օրը իրեն զանգել են ու Սևանի գաղութում գտնվող Արտյոմի անունից ասել, որ Հերմինեին նեղություն չտա: Ինքը զայրացած գնացել է Հերմինեի տուն, վիճաբանել նրա ու ընկերուհու հետ:
Հերմինեի ահազանգով ոստիկաններ են եկել, իրեն ձերբակալել:
Ընդհանուր իրավասության դատարանը եզրակացրել է. «Գործով ձեռք չի բերվել որևէ ապացույց, որը կհաստատեր, թե տուժողը ամբաստանյալին գումարներ է տվել վերջինիս կողմից բռնության գործադրման սպառնալիքի ու վախի ազդեցությամբ… Դատարանը գտնում է, որ Գևորգ Գևորգյանի արարքում բացակայում է շորթման՝ ՀՀ քրեական օրենսգրքի 182 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշները, հետևաբար նաև՝ հանցակազմը»:
Ընդհանուր իրավասության դատարանը շորթման մասով արդարացրել է Գևորգ Գևորգյանին՝ նրա արարքում հանցակազմի բացակայության պատճառով: Իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով Գևորգ Գևորգյանը մեղավոր է ճանաչվել ու դատապարտվել 100 հազար դրամ տուգանքի: Գևորգյանին անհապաղ ազատ են արձակել դատարանի դահլիճում:
Դատավճռի դեմ վերաքննիչ բողոքներ են բերել մեղադրողը և տուժող Հերմինեն:
Մեղադրողը պահանջել է Գևորգյանին մեղավոր ճանաչել նաև շորթման մասով, նրան վերջնականապես դատապարտել 4 տարի ազատազրկման և 100 հազար դրամ տուգանքի: Դատախազը միջնորդել է նաև, որ վերաքննիչ դատարանը Գևորգյանի նկատմամբ խափանման միջոց ընտրի կալանավորումը՝ 2 ամսով, որպեսզի, ըստ երևույթին, Գևորգյանն անհապաղ կալանավորվի ու վերաքննիչի որոշմանը սպասի անպայման անազատության պայմաններում:
Վերաքննիչ քրեական դատարանին ուղղված նման պահանջ հազվադեպ կարելի է հանդիպել: Եթե դատարանը շուտափույթ կալանքի տակ առնի ամբաստանյալին, որի գործով բերված բողոքների քննությունը դեռ չի ավարտել, նշանակում է ի սկզբանե ցույց կտա իր կողմնակալ վերաբերմունքը:
Ի վերջո, եթե դատարանը վերաքննության արդյունքում մեղադրողի բողոքը բավարարի ու ազատազրկման դատապարտի ամբաստանյալին, այդ նույն դատական ակտով էլ կանդրադառնա խափանման միջոցի հարցին, այն էլ՝ ոչ 2 ամսվա կտրվածքով:
Վերաքննիչ դատարան էր ժամանել տուժող Հերմինեն՝ փոքրամարմին, անշուք մի կին, հինավուրց մասնագիտության ևս մի հայուհի ներկայացուցչուհի, ում տանը, ըստ քրեական գործի նյութերի, մեծանում են 14 և 15 տարեկան աղջիկները, հյուրընկալվում են նրա «գործընկեր» մարմնավաճառուհիները և այցելություններ են կատարում տարբեր տղամարդիկ:
Հիմա արդեն հինավուրց մասնագիտությամբ զբաղվողները առանձնապես չեն քաշվում իրենց «գործի» պատճառով, քիչ է մնում հպարտություն էլ զգացվի նրանց կեցվածքում:
Հերմինեն հազիվ տառաճանաչի կակազումով փորձեց ընթերցել իր բերած բողոքը, բայց նրա «ընթերցանությունը» անհասկանալի էր բոլոր ներկաների, այդ թվում՝ դատավորների համար: Խնդրեցին, որ տուժողն ինքն իրեն ու ներկաներին չտանջի, այլ գոնե մի կերպ կարդա, թե ինչ պահանջ ունի:
Հերմինեի բողոքի պահանջը մեղադրողի բողոքում արտահայտված պահանջին համահունչ էր: Ի հավելումն՝ Հերմինեն պահանջում էր, որ Գևորգից հօգուտ իրեն բռնագանձեն շորթված բոլոր գումարները:
Գևորգ Գևորգյանը նախ հրաժարվեց պաշտպանից, ասաց, թե իր պաշտպանությունն ինքը կիրականացնի: Ապա առարկեց բերված բողոքների դեմ՝ ի տարբերություն խիստ ցածրաձայն ու անհասկանալի խոսող Հերմինեի՝ շատ կրակոտ ու բուռն ելույթ ունենալով:
Նա ասաց, թե անցած տարվա հոկտեմբերին ամուսնացել է իրենից 14 տարով փոքր՝ 19-ամյա անմեղ մի աղջկա հետ, արդեն ծնվել է իրենց երեխան, ու ինքը չի ցանկանում, որ իր մանկամարդ կինը շենքի մուտքում պարբերաբար հանդիպի Հերմինեի տուն գնացող-եկող մարմնավաճառների ու հաճախորդ տղամարդկանց: Ամբաստանյալն ասաց, թե ամբողջ շենքն է դժգոհ Հերմինեի պահվածքից, բայց վախեցել են բողոքել, որովհետև Հերմինեն կարող էր «գործ սարքել», ինչպես, ահա, սարքել է իր գլխին:
Գևորգն ընդունեց, որ «հունընվարի» 13-ին բռնություն է գործադրել Հերմինեի նկատմամբ, այսինքն՝ քրեական օրենսգրքի 118 հոդվածով մեղսագրված արարքը կատարել է, բայց պնդեց, թե երբեք Հերմինեից շորթում չի կատարել, նրա երեխաներին չի սպառնացել:
Մեղադրողը, պատճառաբանելով, թե ընդհանուր իրավասության դատարանում վկաների հարցաքննության արձանագրությունը կազմված է թերություններով, միջնորդեց վերաքննիչ դատարան հրավիրել ու հարցաքննել Հերմինեի երկու դուստրերին և «գործընկերուհի» Լիլիթին:
Վերաքննիչ դատարանը բավարարեց մեղադրողի միջնորդությունը, անցավ վերաքննության կարգի և որոշեց հաջորդ դատական նիստին հրավիրել հիշյալ վկաներին:











































