«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Մեծն Տիգրան» գնդի ռազմական խորհրդի փոխնախագահ Վլադիմիր Առաքելյանը:
– Պարոն Առաքելյան, վերջերս Արցախյան ազատամարտի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս) իր հարցազրույցներից մեկում, անդրադառնալով Վազգեն Սարգսյանին, նշել էր, թե նա ստեղծեց իր շուրջը մի խմբավորում, որի պատճառով մարդիկ իրեն լքեցին, և որն էլ իրեն կործանեց, համամի՞տ եք:
– Ես չգիտեմ, թե ում է նկատի ունեցել Արկադի-Տեր Թադևոսյանը, և ինչ է առհասարակ խոսել, բայց 99-ին կար Վազգեն Սարգսյանը իր մարտական տղաներով և կար Կարեն Սերոբի Դեմիրճյանը․ նրանց երկուսի ուժը և խելքը համատեղ գործում էին: Թե հիմա Արկադի Տեր-Թադևոսյանը ինչ է խոսել` չգիտեմ, ժամանակ առ ժամանակ ինչ պատվերներ է կատարում՝ մարդ գլուխ չի հանում իրենից:
– Կարծում եք` նմանատիպ հայտարարություններով՝ նախ այն, որ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը տեղյակ չի եղել Շուշիի ազատագրումից, հետո Վազգեն Սարգսյանի վերաբերյալ նման արտահայտություններ հնչեցնելով` պատվե՞ր է կատարում:
– Նախ ասեմ հետևյալը՝ Արկադիկն իրեն հակասում է նախ այն բանով, որ գալիս զեկուցում է Տեր-Պետրոսյանին նախագահականում առ այն, որ Շուշին վերցրել ենք, ամեն ինչ նորմալ է, հետո կանգնում նման հայտարարություն է անում:
Իսկ ինչ վերաբերում է Վազգեն Սարգսյանին, որ նա սիրում էր իրեն գովաբանել, որ ոչ ոք իրավունք չուներ ասել, թե նա սխալ է, ասեմ ընդհակառակը` Վազգեն Սարգսյանն այդպիսի տղա չի եղել: Մենք իրար հետ շատ մոտ ենք եղել ժամանակին, հետո պատերազմի բերումով կարճ ժամանակով էինք հանդիպում: Եթե Վազգեն Սարգսյանը իր ներկայացրած մարդը լիներ, ապա 50-100 հոգանոց թիկնապահներ կպահեր: Կային, այո, մարդիկ, Վազգենը գիտեր, թե նվիրված տղաներ են, բայց այդպես դուրս չեկավ: Հոկտեմբերի 27-ից հետո ապացուցվեց` մարդիկ, որ ջիպեր ունեին պահած, վախենում էին քշել, իսկ Վազգենը հենց 99-ին բավականին փոխվել էր, դարձել էր պետության մասին մտածող անձնավորություն, թե հիմա ո՞ւմ ձեռք չտվեց, որ Վազգենը դառնար պետական մարդ՝ չեմ կարող ասել: Վերջին շաբաթը (Հոկտեմբերի 27-ից առաջ.- խմբ.) հանդիպել ենք, ես իրեն խորհուրդ տվեցի, ասացի՝ թող հումքերը Հայաստանից դուրս չգան, դա մեր վերջին հանդիպումն է եղել:
– Իսկ ճի՞շտ է իր հայտնած այն տեսակետը, որ գեներալներ Նորատ Տեր-Գրիգորյանցը, Հրաչ Անդրեասյանը գնացել են հենց Վազգեն Սարգսյանի պատճառով:
– Մեկ մարդն ի վճակի չէ այդքան մարդու վանել: Ես չեմ կարող այդ հարցին պատասխանել, մենք գիտենք, որ Նորատ Գրիգորյանը շատ նորմալ մարդ է եղել, նա ոչ թե Վազգենի պահով է գնացել, այլ գուցե այն մարդկանց, որ անընդհատ ասում էին՝ վայ, Վազգեն ջան, փոշի չնստի վրադ հանկարծ, երևի այդպիսի մի բան է եղել:
– Այս լարված իրավիճակում, երբ ազատամարտիկները ընդվզում և բազմաթիվ խնդիրներ են բարձրացնում, հնարավո՞ր է Կոմանդոսի հայտարարությունները պառակտելու միտում ունեն:
– Նախ առաջինը՝ ազատամարտիկ կոչվածը ինքը ժողովրդի ծոցից ելած անձնավորություն է: Ու՞մ համար է ազատամարտիկը գնացել պատերազմ՝ բնականաբար իր ժողովրդի անվտանգության համար: Ես չեմ ընդունում՝ կլինի Կոմանդոսը, թե մեկ ուրիշը, որ հիմա մտածում են իրենց ստամոքսի մասին միայն, չպետք է այդպես վարվեն: Այսօր հայ ազգը այսպիսի պառակտված վիճակում է՝ արտագաղթ, պատերազմը դեռ չավարտված փոխանակ Արկադիկի նմանները կարողանան այնպես անել, որ համախմբություն լինի, այլ բաներով են զբաղված:
Մենք չենք ասում՝ այս նախագահը թող հեռանա, մյուսը գա, բայց եթե այս իշխանությունը կանգնած չէ դեմքով դեպի ժողովուրդը՝ ուրեմն ինձ էլ նման իշխանությունը չի հետաքրքրում, և իմ նման հազարավոր ազատամարտիկների մասին է խոսքը:
Ի՞նչ կապ ունի` նա եղել է Կոմանդոս, թե ուրիշ, անունն է պարզապես այդպիսին, որ ուղղակի թուրքը մի քիչ վախենա, թե Կոմանդոս կա այստեղ, ինչ վերաբերում է իր նմաններին` թող առաջինը մտածեն ոչ թե իրենց կաշվի մասին, այլ ժողովրդի, նա իր արժեքները համարյա թե կորցրել է:
– Իսկ ինչու՞ դուք՝ ազատամարտիկներդ, չեք սաստում նրա հայտարարությունները:
– Նա Շահումյանի մասին էլ էր նախկինում խոսել, բայց ընդհանրապես տեղյակ չի եղել, ես շատ վիրավորված էի այդ ելույթից, որովհետև նա իրականությանը չի տիրապետում, մենք իր հետ շատ մոտիկ ենք եղել, բայց դե ի՞նչ իմանայինք, որ մարդը ժամանակի ընթացքում փոխվում է, ես այդ մարդուն չեմ կարողանում հասկանալ, ինքը բացի այն, որ պետական աշխատանքի է, վախենում է շփվել մեզ նման ազատամարտիկների հետ, բայց չէ՞ որ ժամանակին նա մեզ նման ազատամարտիկներից էր հիմնված: Կարո՞ղ է մենք պետության թշնամի ենք, ժողովրդի մասին ենք մտածում, թող ինքն էլ գա և բարելավի, վաղը պատերազմ լինի, նա ո՞վ է լինելու այդ ժամանակ՝ ոչ ոք:
– Ազատամարտիկներն այսօր պառակտված են. մի մասը համակարգային փոփոխություն է պահանջում, մյուս մասն էլ՝ իր սոցիալական վիճակն է ուզում բարելավել:
– Ազատամարտիկները երբեք պառակտված չեն եղել, մենք համամիտ ենք, որ մի խումբը զբաղվի տղաների հարցերով, բայց ազատամարտիկները միշտ կրիտիկական պահերին իրար կողք կողքի են լինում: Չի կարելի ասել պառակտված ենք, ազատամարտիկը պետք է ունենա կարգավիճակ, ինչո՞ւ ազատամարտիկը մարդ չէ՞, նույն ազատամարտիկը մարդ է, որ պետք է ապրի:
– Դուք անձամբ իշխանափոխության պահանջ դնո՞ւմ եք:
– Իշխանափոխությունն ինձ հետաքրքրում է, բայց այնքանով ինչքանով նրանք մեջքով դեպի ժողովուրդն են: Ես ինչ ասում եմ՝ իմ խոսքի տերն եմ, եթե իշխանությունը շուռ չգա դեպի ժողովուրդը դեմքով, ուրեմն այդ իշխանությունը պետք է հեռանա, թող գան այն մարդիկ, որ կփրկեն երկիրը, նրանք էլ չեն կարողանա, նրանց էլ կհեռացնենք:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի








































