Արտահերթ ընտրություններ անցկացնելու պահանջը, որ ընդդիմությունը ներկայացնում է իշխանությանը, և որը ժամանակացույցի տեսքով ներկայացվեց թե՛ հասարակությանը, թե՛ իշխանությանը, թե՛ իշխանությունից ներքաղաքական լարվածության հանգուցալուծման քայլեր ակնկալող եվրակառույցներին, դարձել է տարաբնույթ մեկնաբանությունների, ընդհուպ հեգնանքի առարկա:
Հիմնականում գերիշխում է, իհարկե, այն կարծիքը, որ իշխանությունը, բնականաբար, չի գնա ընդդիմության պահանջը բավարարելու, իսկ ընդդիմությունն էլ չի կարող դա պարտադրել իշխանությանը:
Հետևաբար, եթե ընդդիմությունը հանդես է գալիս այդօրինակ պահանջով, ուրեմն կամ իրատես չէ, կամ ավելորդ ռոմանտիզմով է տառապում, ու դրա հետևանքով հասարակության առաջ մնալու է ձեռնունայն և առաջացնելու է ընդդիմությունից հիասթափվելու հերթական ալիքը: Իհարկե սխալ կլինի ասել, թե այդ տեսակետները զուրկ են հիմքից: Բայց այդ տեսակետները վկայում են նաև իրավիճակի որոշակի թյուրըմբռնման մասին: Նախ` ընդդիմությունը չի ասում, որ եթե իշխանությունը չկատարեց իր պահանջը, ապա ինքը գնալու և սրբելու է այդ իշխանությանը, ինչպես հայտնի անեկդոտում, երբ փոսն ընկած մարդը դուրս գալու մի քանի անհաջող փորձից հետո ասում է. «Այս անգամ էլ եմ փորձում, դուրս եկա, եկա, եթե ոչ, գնում եմ տուն»:
Ընդդիմությունն արտահերթ ընտրությունների պահանջը ներկայացնում է որպես իրավիճակի հանգուցալուծման տարբերակ: Ընդդիմությունն ինքն էլ, թերևս, հասկանում է, որ իշխանությունը սեփական կամքով հազիվ թե գնա այդպիսի քայլի, եթե չլինեն պարտադրող հանգամանքներ: Նաև ընդդիմությունը, այսինքն` Հայ Ազգային Կոնգրեսը, պարզ հայտարարել է, որ չունի միայնակ իշխանափոխություն իրականացնելու հնարավորություն և ռեսուրս: Այսինքն` ակնհայտ է, որ Կոնգրեսը գիտակցում է արտահերթ ընտրությունների պահանջի անկատարության ավելի մեծ հավանականությունը, քան հավանականությունը, որ կարող է այդ պահանջը կատարվել:
Բայց դա չի խանգարում իշխանությանը ներկայացնել այդպիսի պահանջ: Դա պահանջ է, ոչ թե հասարակությանը տրված խոստում: Եվ արտահերթ ընտրությունների պահանջը հեգնողները, թերևս, պետք է կարողանան տարբերակել պահանջն ու խոստումը իրարից, թյուրըմբռնման մեջ չընկնելու համար: Ընդ որում` դա ոչ միայն Հայ Ազգային Կոնգրեսի, այլ հասարակության պահանջն է, որ թևածում է Հայաստանի հասարակական-քաղաքական մթնոլորտում: Բանն այն է, որ արտահերթ ընտրությունների պահանջը հերքողները ընդունում են, որ իշխանությունը պետք է հեռանա: Հետաքրքիր է այդ դեպքում, թե ինչպես են նրանք պատկերացնում իշխանության հեռացումը, եթե ոչ արտահերթ ընտրությունների միջոցով:
Բանն այն է, որ կարծես թե հասարակական-քաղաքական շրջանակներում ձևավորվում է մի նոր խումբ, որի համար Հայ Ազգային Կոնգրեսին ուղղված քննադատությունը ինքնանպատակ է կամ էլ ունի բավական որոշակի նպատակներ` Կոնգրեսը նույնացնել իշխանության հետ կամ ներկայացնել որպես սպառված և անկենսունակ ուժ, որը բացի երազելուց, այլ բանի այլևս ընդունակ չէ: Դժվար չէ նաև կռահել, թե ինչ նպատակ կարող են հետապնդել այդօրինակ մատուցմամբ արտահայտվող մտադրությունները: Դա, իհարկե, դրանց հեղինակների գործն է, որ գուցե անում են անկեղծորեն և սեփական ճշմարտացիության համոզվածությամբ: Ի վերջո, որևէ մեկը պարտավոր չէ հոգատար լինել Հայ Ազգային Կոնգրես երևույթի կամ գաղափարի հանդեպ, եթե չի հավատում դրան կամ չի ընդունում այն:
Ի վերջո, ցանկացած մարդ, մարդկանց ցանկացած խումբ, այդ խմբի ձևավորած ցանկացած ուժ իրավունք ունի հավակնել կամ նորը լինելու, կամ նորի մունետիկ լինելու: Այդ իրավունքը ոչ ոք չի կարող խլել որևէ մեկից: Խնդիրը պարզապես այն է, որ եթե որևէ մեկը հավակնում է նորը լինել կամ ճանապարհ բացել նորի համար, ելնելով սեփական գաղափարներից ու արժեհամակարգից, չի կարող ո՛չ անձամբ հաջողել, ո՛չ հասարակությանը հաջողություն բերել, եթե իր ծնունդը կառուցում է այլոց ոչնչացման վրա: Եթե կա որևէ մարդ, մարդկանց խումբ, խմբի ձևավորած ուժ, որը համարում է, որ հասարակությանը պետք են նոր գաղափարներ, նոր ծրագրեր, նոր անհատներ, ապա դա այդ մարդկանց, խմբի կամ ուժի իրավունքն է, բայց այն թե՛ կոնկրետ իրենց, թե՛ հասարակության համար հաջողությամբ իրականացնելու համար պետք է ցույց տալ այդ նորը, ոչ թե նորի երևալու մեխանիզմ դարձնել եղածի, այսպես ասած` հնի ոչնչացումը:
Եթե «հին» ուժը «վերանում» է դաշտից (մի կողմ թողնենք այդ «հին» ուժի որակները, գործունեության արդյունավետությունը, հեռանկարայնությունը, ներուժը և այլն, ինչը բոլորովին այլ խոսակցության նյութ է), ապա դա ինքնաբերաբար նորի առաջացման նախադրյալ չէ: Ցանկացած նոր բան հենց նրանով է նոր, որ իր մուտքը չի պայմանավորում նրանով, թե ինչ կա դաշտում: Հետևաբար, եթե նորի ճանապարհ է ընտրվում հին տրամաբանությունը, որ հիմնվում է եղածը ոչնչացնելու միջոցով սեփական տեղն ապահովելու տրամաբանության վրա, ապա տվյալ պարագայում որևէ նոր գաղափարի, նոր ուժի կամ նոր որակի մասին խոսք անգամ չի կարող լինել, օբյեկտիվորեն չի կարող լինել, քանի որ հին տրամաբանությամբ նոր որակ ստանալն անհնար է:
Դա չի նշանակում, որ որևէ մեկը չի կարող քննադատել Կոնգրեսին, դժգոհել Կոնգրեսից, նրա ընտրած մարտավարությունից, Կոնգրեսը չհամարել այն ընդդիմությունը, որը կարող է այլընտրանք լինել ներկայիս համակարգին, դա չի նշանակում, որ չի կարելի խոսել նոր ուժի մասին, նոր որակի ընդդիմության մասին: Ինչպես ասում են` ճաշակին ու պատկերացումներին, այդ թվում` քաղաքական ճաշակին ընկեր չկա: Բայց եթե խնդիրը ոչ թե Կոնգրեսին ոչնչացնելն է, այլ սեփական ճաշակին համապատասխան նոր ուժի ձևավորումը, ապա դրա լուծման տրամաբանությունը պետք է հեռու լինի հասկացությունները ակամա և առավել ևս գիտակցված խեղելուց: Ի վերջո, որևէ բանական տրամաբանության մեջ չի կարող տեղավորվել այն, որ այգեպանը մի նոր ծաղիկ տնկելու համար չորացնի ամբողջ այգին:









































