Հայաստանը համադրման տեղ է և ոչ հակառակման, բայց դրա համար Հայաստանը պետք է ունենա իր քաղաքականությունը` այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը: Նա նկատեց, որ եթե այդ քաղաքականությունը չկա, ապա Հայաստանը դառնում է մի վայր, որտեղ հանդիպում են տվյալ ժամանակի «ասպետները» և բախվում, այսինքն՝ դառնում է ուղղակի «ասպետների հանդիպման վայր»:
Անդրադառնալով տարածաշրջանում սպասվելիք զարգացումներին՝ Մանուչարյանը նշեց, որ Հայաստանին Եվրասիական միություն – Եվրամիություն ընտրության առջև կանգնեցնելն անհասկանալի է: «Ի՞նչ է նշանակում՝ մեզ նման ընտրություն են առաջարկել, իսկ եթե ես այսօր ժամանակ չունե՞մ այդ հարցով զբաղվելու: Եվրոպան մեզ համար շատ կարևոր է, որի հետ պետք է ունենանք խոր հարաբերություններ, ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցություններ պիտի ունենանք, հասկանանք՝ ինչ է պետք, երկուսն էլ դեռ չենք կարողանում: ԱՄՆ-ն ասում է` Աֆղանստան և Իրաք զորք ուղարկեք, իսկ ո՞վ է ասում, որ դա հենց իր համար մեր ներուժի օգտագործման լավագույն հնարավորությունն է»,- ասաց նա:
Խոսելով հայ-ռուսական հարաբերությունների մասին՝ Մանուչարյանը նկատեց, որ Հայաստանը ՌԴ համար կենսական տարածք է, կենսական նշանակում է՝ Ռուսաստանի գոյության-չգոյության հարցն է դրված: Ռուսաստանն ուղիղ ասում է՝ քանի որ ինձ համար ստեղծում եք խոշորագույն պրոբլեմ, ես ձեզ այսպիսի պատասխան կտամ՝ գազի թանկացում, ինձ մոտ աշխատող ձեր հայրենակիցները որոշակի պայմանների կենթարկվեն, ՌԴ-ն ռուսաստանաբնակ հայերին, թեև անուղղակի, հիշեցնում է, թե ինչ եղավ վրացի ձեռներեցների հետ, երբ սկսվեց ռուս-վրացական պատերազմը:
«Մեր քաղաքական դաշտն առևտրական է, իսկ պետականին անգամ անվանում չեմ գտնում, ուստի ստեղծված իրավիճակում ՌԴ-ն փնտրելու է ելքեր: Եթե նա գտնում է, որ որևէ երկիր իրեն գրեթե թշնամաբար է վերաբերվում, որոշակի քայլերի է դիմում, որոնց մի մասն արդեն նկատելի է: Նման վիճակի հասցնել գերտերության, որը, կարելի է ասել, առաջին մանդատ ունի այստեղ, կարծում եմ՝ սխալ է»,- ասաց Մանուչարյանը:
Նա նշեց, որ Վրաստանի ուղղությամբ որևէ քաղաքականություն Հայաստանի իշխանությունները չունեն. մենք Վրաստանը հանձնեցինք Ադրբեջանին և Թուրքիային, իսկ այն մեզ համար ռազմավարական նշանակություն ունեցող երկիր է: Բանախոսի փոխանցմամբ՝ ստեղծված է անհեթեթ վիճակ, որի միակ պատճառը Հայաստանի իշխանական համակարգի՝ միայն տեղերը պահպանելու և հնարավորինս շատ բան կորզելու խնդրով մտահոգվելն է: «Քանի որ իշխանությունն ի վիճակի չէ որևէ պատասխանատվություն վերցնել, լավագույն դեպքում հետևում է այն ծեծ ու ջարդին, որ իր գլխին գալիս է և թիրախ է դարձնում ինքն իրեն, մինչդեռ մեզ պետք է հակառակը` ինքներս լինենք նախաձեռնող և անսպասելի բաներ անենք»,- ասաց նա՝ նշելով, որ մեր քաղաքական դաշտը պարալիզված վիճակում է, նոր նախաձեռնող խմբեր են պետք, ուստի ինքը պաշտպանում է ազատամարտիկների մոբիլիզացիոն կոչերը:
Բանախոսը ցավով արձանագրեց, որ Հայաստանի համար առաջին սպառնալիքը հենց ինքներս ենք: «Մենք փողի ու իշխանության ձեռքբերման միջոցների մեջ խտրականություն չենք դնում՝ մտածելով ի վերջո փախչել, պիտի հիասթափեցնեմ` շատերը չեն հասցնելու փախչել և պատժվելու են անգամ արտաքին ուժերի կողմից, հայտնվելու են ամենաանհեթեթ իրավիճակում»,- ասաց նա:








































