ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News հեռուստաալիքի հետ հարցազրույցում հերթական անգամ բարեհաճ է արտահայտվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին։
«Ես նրան հարգում եմ։ Ես շատ մարդկանց եմ հարգում, սակայն դա չի նշանակում, որ ես նրանց հետ լավ հարաբերություններ ունեմ»,-ասել է Թրամփը։
Այն բանից հետո, երբ հաղորդավարը նախագահ Պուտինին անվանել է մարդասպան, Թրամփն ասել է. «Մարդասպանները շատ են։ Մեզ մոտ նույնպես շատ մարդասպաններ կան։ Դուք կարծում եք, որ մեր երկիրը անմե՞ղ է»։
Թրամփն այնուհետև հավելել է, որ ԱՄՆ-ի համար ավելի լավ կլինի, եթե Ռուսաստանի հետ հարաբերությունները լավ լինեն։ «Կարծում եմ, որ Ռուսաստանի հետ ավելի լավ է ընկերանալ, քան հակառակը»։
«Եթե Ռուսաստանն օգնում է մեզ պայքարել ԴԱԻՇ-ի դեմ, իսկ դա մեծ պայքար է, և իսլամական ահաբեկչության դեմ ողջ աշխարհում, ապա դա լավ է»,-հավելել է Թրամփը։







































