«Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Սուսաննա Մուրադյանի կարծիքով՝ Հայաստանը հիվանդ է, հայաստանցին հիվանդ է, բժիշկը նույն ինքը հայն է, և նրա ձեռքին է հիվանդության բալասանը: Նա այս մասին ասաց իրենց կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հրավիրած հանրային ժողովի ժամանակ։
«Ուղիղ չորս անգամ սկսել ենք վատ ապրել: Օրինակ՝ եթե 1996 թվին աղքատությունը երկրում 18 տոկոս էր, 2008-ից հետո աճեց-դարձավ 35, ապա 36 տոկոս: Երեք անգամ ավելի շատ մարդ է լքել Հայաստանը: Քարավանները կանգնեցնելու ժամանակն է. քաղցած ծերեր, սոցիալական վատ վիճակ, հային ոչ հարիր վիճակ, ՀՆԱ-ի աննախադեպ վատ ցուցանիշ: Աղքատների թիվը նույն վիճակագրական ծառայության տվյալներով խիստ շատացել է: Հայաստանի յուրաքանչյուր երրորդ մարդն աղքատ է, հինգերորդը՝ ծայրահեղ աղքատ»,- ընդգծեց նա՝ կոչ անելով, որ հայերը չգնան երկրից:
Նրա կարծիքով՝ փոքրիկ տարաձայնությունները չնչին են լուծելիք խնդիրների առաջ․ «Մի խումբ մարդիկ, ովքեր այսօր դե ֆակտո իշխանություն են, վաղուց են արտագաղթել, նրանք պարզապես աշխատում են այստեղ: Նրանց ընտանիքները հանգստանում, բուժվում, սովորում են արտասահմանում: Հանցագործությունը վաղեմության ժամկետ չունի, նրանք պատասխան են տալու այն ծերերին, ովքեր գալիք ձմռանը վառելիքի խնդիր են ունենալու և պատասխան են տալու բոլորի առաջ: Մի քանիսը ֆեոդալ դարձան, հարյուրավորները՝ բատրակներ: Ա՞յս էինք ուզում, սա՞ էինք պատկերացնում «անկախություն» ասելով: ՀՀԿ-ական դառնալը դարձել է բիզնես»:
Սուսաննա Մուրադյանը համախմբվելու կոչ արեց և իր ելույթը եզրափակեց հետևյալ խոսքերով. ««Ժառանգություն»-ը պատրաստ է գնալ քայլերի, որ հերթական անգամ չվերարտադրվեն այս ապօրինի իշխանությունները»:








































