Երևանի նորանշանակ գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանի ուշադրության կենտրոնում պետք է լինեն քաղաքի կենտրոնի հետ կապված նախագծումները: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՀ ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը:
«Այդ նախագծումները պետք է լինեն հավասարակշռված, որպեսզի քաղաքը չաղավաղվի և հուշարձանները չհայտնվեն Փակ շուկայի կարգավիճակում: Այսինքն` պետք է այս հարցին շատ լուրջ վերաբերմունք ցուցաբերել»,- ասաց Մ. Մինասյանը: Նա տեղեկացրեց, որ Տիգրան Բարսեղյանը նախարարությունում աշխատելու փորձ ունի. նա աշխատել է Քաղաքաշինության նախարարությունում` որպես ճարտարապետաշինարարական վարչության պետ, Ճարտարագիտական համալսարանում՝ որպես ճարտարապետության ֆակուլտետի դեկան, միևնույն ժամանակ կատարել է բազմաթիվ նախագծումներ, ինչպիսիք են` Շուշիի օդանավակայանը, Հրանտ Մաթևոսյանի հուշաքարը և այլն:
«Տիգրան Բարսեղյանը Ճարտարապետների միության վարչության անդամ է, շատ հավասարակշռված և արդար աշխատող անձնավորություն է: Չնայած նախկին աշխատողները միշտ էլ թողնում են իրենց հետքը, կարծում եմ, որ դա կլինի դրական իր փորձվածության ու տեղեկացվածության հետ միասին»,- ասաց նա: Մինասյանը կարծում է, որ մեկ անձը չի կարող կատարել մասշտաբային փոփոխություններ, սակայն նրան կհաջողվի իր աշխատաոճով վարակել շրջապատին. մեծ փոփոխությունները հիմնականում կապված կլինեն այս գործընթացի հետ: Համակարգային փոփոխություններն, ըստ Մինասյանի, պետք է ուղղված լինեն պետականության, քաղաքացու, հասարակության շահերին, ոչ թե անհատների ցանկությունների կատարմանը:
Ճարտարապետ Սաշուր Քալաշյանն անկեղծորեն խոստովանեց, որ Բարսեղյանի աշխատանքից որևէ նոր սպասելիք չունի ոչ թե նրա համար, որ նոր գլխավոր ճարտարապետը լավն է կամ վատը, այլ այն պատճառով, որ այստեղ խնդիրը ճարտարապետի անձը չէ: «Մեզ մոտ բոլոր բացասական երևույթները համակարգային են, ուստի մեզ համակարգային փոփոխություն է պետք: Անձի փոփոխմամբ ոչ մի խնդիր չի լուծվի, որովհետև թելադրանքը վերևից է, բոլոր բացասական երևույթները ևս գալիս են վերևից»,- նշեց նա:
Քալաշյանի խոսքերով` քանի դեռ համակարգային փոփոխություն չկա, պետական մտածելակերպը կմնա նույն սնանկ վիճակում: Ճարտարապետը համոզված է, որ այս պահին մենք պետական մտածելակերպ չունենք, այլ ունենք բիզնես-ծրագրերի շարք: «Մենք կենսակերպի մեջ բարոյահոգեբանական չափորոշիչներ չունենք, դրանք բառացիորեն բացակայում են, և հենց դրանում է խնդիրը, ոչ թե այս կամ այն ճարտարապետի լինել-չլինելու մեջ: Ով էլ հիմա լինի այնտեղ, դառնալու է բացասական երևույթ, անգամ եթե ինքը լինի սրբագույն անձնավորություն»,- ասաց Ս. Քալաշյանը:
Դիտարկմանը, թե այս պարագայում ինչ իմաստ ուներ պահանջել նախկին գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի հրաժարականը, Ս. Քալաշյանը պատասխանեց, որ խնդիրն ամենևին էլ Նարեկ Սարգսյանը չէ. «Բոլորի մոտ տպավորություն էր, որ եթե Նարեկ Սարգսյանը չլինի, բոլոր հարցերը կլուծվեն, մինչդեռ նա միանձնյա չէր գործում, համակարգի մաս էր: Նույն համակարգի մասնիկն է դառնալու նաև Տիգրան Բարսեղյանը:
Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի օգոստոսի 8-ի որոշմամբ Տիգրան Բարսեղյանը նշանակվել է մայրաքաղաքի գլխավոր ճարտարապետ: Օգոստոսի 6-ին Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնից ազատվել էր Նարեկ Սարգսյանը, ով նշանակվել է Հայաստանի կառավարությանն առընթեր Ճարտարապետության պետական կոմիտեի նախագահ:
Լուսանկարը՝ Photolure-ի










































