Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստում որոշում է կայացվել կուսակցության խորհրդի անդամի պաշտոնից ազատել ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին, Արարատի նախկին մարզպետ Ռուբիկ Աբրահամյանին և Ազգային ժողովի պատգամավոր Կարինե Պողոսյանին: ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնեց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Մենք նման որոշում ենք կայացրել` հաշվի առնելով կուսակցությունը լքելու նրանց դիմումները»,- նշեց Շարմազանովը:
Շարմազանովը հավելեց նաև, որ այս պահին քննարկման փուլում է գտնվում Ազգային ժողովի առաջիկա ընտրություններում ՀՀԿ նախընտրական ծրագիրը, որը պատրաստ կլինի մինչև հաջորդ շաբաթվա վերջ:
Նիստի ընթացքում քննարկվել է նաև նախընտրական ծրագիրը, ինչպես նաև ներկուսակցական, ներքաղաքական և կազմակերպչական հարցեր:
Հարցին, թե Արարատի ՀՀԿ կառույցի ղեկավարի պաշտոնում նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի նշանակումը նպատակ ունի՞ նվազեցնել Հովիկ Աբրահամյանի ազդեցությունը Արարատի մարզում, Էդուարդ Շարմազանովը պատասխանեց. «ՀՀԿ-ն որևէ քաղաքական գործչի դեմ չի պայքարում՝ առավել ևս նախկին ՀՀԿ-ական Հովիկ Աբրահամյանի: Մենք ընդդեմ չենք, մենք հանուն ենք՝ անկախ նրանից, թե որ քաղաքական դաշտում կլինեն ձեր նշած քաղաքական գործիչները: Մենք ունենք մեր քաղաքական ծրագիրը և անշեղորեն գնալու ենք այդ ծրագրի իրականացման ճանապարհով»:
Մանրամասները՝ տեսանյութում: