Այսօր կառավարությունում Արարատի նոր մարզպետի պաշտոնում նշանակվելուց հետո լրագրողների հետ զրույցում Արամայիս Գրիգորյանը նշեց, որ Արարատի մարզպետի պաշտոնը ստանձնելու առաջարկություն այսօր է ստացել: «Ինձ հետ այսօր առավոտյան վարչապետն է զրուցել և ես տվել եմ իմ համաձայնությունը», – ասաց Արամայիս Գրիգորյանը:
Դիտարկմանը, թե արդյոք իր նշանակումը քաղաքական միտում չունի ու նպատակ չկա մարզում թուլացնել նախկին վարչապետ հովիկ Աբրահամյանի ազդեցությունը, Արամայիս Գրիգորյանը պատասխանեց. «Կարծում եմ` դա իմ հարցը չէ, որովհետև ես ժողովրդին ծառա եմ գնում, ես աշխատել եմ այդ տարածքում, ժողովուրդն ինձ շատ լավ է ճանաչում, ես էլ ժողովրդին եմ շատ լավ ճանաչում: Այնպես չէ, որ այստեղ քաղաքականություն է: Ես գնում եմ ծառայելու, որպեսզի կարողանանք մի բան ավել անել մեր ժողովրդի հոգսերը թեթևացնելու համար»:
Ա. Գրիգորյանը չանդրադարձավ հարցին, թե գալիք ընտրություններին ընդառաջ Հովիկ Աբրահամյանի թիմի դեմ աշխատանք կտարվի իր թիմի կողմից, թե ոչ, նա նշեց, որ այդ մասին դեռ վաղ է խոսել:
Հարցին՝ մարզում կադրային փոփոխություններ հնարավո՞ր են, թե՞ ոչ, նորանշանակ մարզպետը հավաստիացրեց. «Բոլոր այն մարդիկ, որոնք կարողանում են աշխատել, պրոֆեսիոնալ իրենց գործն անել ու վայելում են ժողովրդի կողմից հարգանք` բոլոր այդ մարդիկ պետք է մնան ու աշխատեն»:
Մանրամասները՝ տեսանյութում:





































