ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյին: Հանդիպմանը ներկա էին նաև ՏԿ նախարարի առաջին տեղակալ Վ. Տերտերյանը և «Ռոսսոտրուդնիչեստվո» դաշնային գործակալության հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Վ. Կրիվոպուսկովը: Այս մասին ասվում է ՀՀ տարածքային կառավարման նախարարության տարածած հաղորդագրությունում։
Կողմերն անդրադարձել են ապրիլի 18-19-ը Երևանում կայացած «Հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններում միջտարածաշրջանային համագործակցության նոր նվաճումներին ընդառաջ» առաջին համաժողովի արդյունքներին՝ երկուստեք ընդգծելով, որ այն հաջողված էր: Փոխվարչապետի խոսքով՝ նոր ձևաչափով համագործակցության սկիզբը դրված է, և պետք է շարունակել աշխատանքները՝ համաժողովի պարբերաբար կազմակերպման, երկու երկրների միջև միջտարածաշրջանային մակարդակով փոխգործակցության խորացման ուղղությամբ:
Նշվել է, որ հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի շրջանակում ձևավորվելու է միջտարածաշրջանային համագործակցության հարցերը համակարգող աշխատանքային խումբ` երկու կողմից փոխնախարարների ղեկավարությամբ: Ամփոփվել է նաև վերջին 20 տարվա ընթացքում երկու երկրների տարածաշրջանների միջև շփումների, համագործակցության, ստորագրված փաստաթղթերի վերաբերյալ տեղեկատվությունը:
Դեսպանն իր հերթին պատրաստակամություն է հայտնել շարունակել միջտարածաշրջանային փոխհարաբերությունների զարգացմանն ուղղված աշխատանքները` նկատելով, որ առկա էր չբացահայտված հետաքրքրություն, և համաժողովը հնարավորություն տվեց երևան հանել այն:
Հյուրերը հայտնել են նաև, որ նախատեսվում է հրատարակել համաժողովի շրջանակում կազմակերպված արդյունաբերական ինովացիաների միջտարածաշրջանային ցուցահանդեսի կատալոգը, որը կտրամադրվի ՌԴ սուբյեկտներին, ձեռնարկություններին:
Հանդիպմանը քննարկվել են նաև Եվրոպական ռեգիոնների ասամբլեայի շրջանակում երկու երկրների տարածաշրջանների համագործակցության հնարավորությունները` հաշվի առնելով, որ և Հայաստանի, և Ռուսաստանի ռեգիոններն անդամակցում են կառույցին, և կարող են համատեղ ծրագրեր իրականացնել` ներգրավելով ռեսուրսներ եվրոպական հիմնադրամներից:









































