Զինդատախազությունում աշխատանքային խումբ է ստեղծվել, որը պետք է ուսումնասիրի ՀՀ զինված ուժերում արձանագրված մահվան ելքով քրեական գործերը և իր գնահատականը ներկայացնի՝ այդ դեպքերի կապակցությամբ իրականացված քննության արդյունավետության վերաբերյալ:
Աշխատանքային խումբն ուսումնասիրելու է այն քրեական գործերը, որոնցով ամփոփիչ որոշումները կայացվել են 2011-ի հունվարի 1-ից հետո: Աշխատանքային խմբի առաջին նիստն արդեն կայացվել է, և խմբում ընդգրկվելու հայտ է ներկայացրել 5 կազմակերպություն, բայց արդեն արձագանքներ կան, որ զինդատախազությունը փորձել է ընդամենը թելադրել իր պայմանները:
Աշխատանքային խմբում ընդգրկված «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» հ/կ նախագահ Ժաննա Ալեքսանյանը aravot.am-ին պատմել է, որ առաջին նիստում ոչ մի քննարկում չի եղել, զինդատախազությունը թելադրել է իր պայմանները և իրենք հավասարը հավասարի հետ քննարկման սեղանի շուրջ չեն նստել: Ժաննա Ալեքսանյանը չէր բացառել, որ եթե այդպես շարունակվի, իրենք դուրս գան այդ խմբից:
Aravot.am-ի հարցին, եթե դուք էլ նման վերաբերմունք տեսնեք, որ զինդատախազությունը թելադրողի դիրքերում է, հնարավո՞ր է դադարեցնեք համագործակցությունն այդ աշխատանքային խմբում՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի իրավաբանԱրայիկ Զալյանը պատասխանել է. «Եթե մենք տեսնենք, որ միանշանակ մեր կազմակերպության մասնակցությունն այնտեղ ձևական բնույթ է կրում, միանշանակ մենք դուրս կգանք: Բայց այս պահի դրությամբ մենք ներկայացրել ենք մեր առաջարկությունը: Երկրորդ նիստին՝ ամսի 28-ին էլ ենք ներկայացնելու մեր առաջարկները, նոր դրանից հետո արդեն պարզ կլինի, թե հետագայում մեր կազմակերպությունն ինչ չափով է ներգրավվում կամ չի ներգրավվում այդ խմբում: Գիտեք, այսօր Հայաստանի այդ կառույցների հետ շատ դժվար է աշխատելը, տեսնենք ինչ կստացվի»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք՝ aravot.am-ում







































