«Տաթև» զբոսաշրջային կենտրոնի քաղաքաշինական խնդիրների շուրջ քննարկում է ծավալվել օգոստոսի 22-ին ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանի մոտ կայացած խորհրդակցության ժամանակ, որին մասնակցել են Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի ներկայացուցիչները` գործադիր տնօրեն Արման Խաչատուրյանի գլխավորությամբ:
Խորհրդակցության ընթացքում քննարկման հիմնական առարկա է դարձել «Տաթև» վանական համալիրին հարակից տարածքի քաղաքաշինական միջավայրի կանոնակարգման նպատակով լրամշակված կառուցապատման էսքիզային նախագիծը, որը մշակվել է ՀՀ քաղաքաշինության նախարարության պատվերով: Նախագծի մշակման հիմնական նպատակն է «Տաթև» վանական համալիրի հարակից տարածքում քաղաքաշինական և լանդշաֆտային միջավայրի կազմակերպումը: Նախագծվող տարածքը հիմնականում ընդգրկում է պատմամշակութային հուշարձանի կառուցապատման կարգավորման և լանդշաֆտի պահպանման գոտիներն ու Տաթև մուտք գործող ավտոմոբիլային ճանապարհի և ճոպանուղու կայանի հանգույցը: Նախագիծը հիմնականում ներառում է բնակելի տների էսքիզային նախագծեր, հասարակական սպասարկման օբյեկտներից բաղկացած բազմաֆունկցիոնալ կենտրոն, հյուրանոցային համալիր և այլն: Բազմաֆունկցիոնալ կենտրոնը նախատեսվում է կառուցել Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի մասնակցությամբ:
Կարևորելով համայնքի բնակչության մասնակցությունը կենտրոնի կայացման գործում` քննարկման արդյունքում որոշվեց միջգերատեսչական հանձնաժողովի հաջորդ նիստն անցկացնել Տաթևում:
Հիշեցնենք, որ «Տաթև» զբոսաշրջային կենտրոնի քաղաքաշինական խնդիրների համակարգման նպատակով ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով` քաղաքաշինության նախարարի գլխավորությամբ:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև Դիլիջանի զբոսաշրջային կենտրոնի քաղաքաշինական խնդիրներին:







































