«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանը օրերս հրապարակված ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ-ի «Կարիքների գնահատման առաքելություն»-ը զեկույցի շուրջ «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում նշեց, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը իր վերջին զեկույցը հրապարակել է Հայաստան այցելության արդյունքում, որի ընթացքում կազմակերպվել են հանդիպումներ ՀԿ-ների, պետական մարմինների հետ:
«Դեկտեմբերին այդ հանդիպումները հիմնականում կազմակերպված էին դիտորդական առաքելություն իրականացրած ՀԿ-ների մասնակցությամբ և ՀԿ-ները ներկայացրել են իրենց մտահոգությունները նոր Ընտրական օրենսգրքի կարգավորումների վերաբերյալ, մատնանշվել է նաև ընտրական ցուցակների մեխանիզմի թերությունը, որ դա ամբողջությամբ չի համամպատասխանում համամասնական ընտրակարգին: Այն, որ գոյություն ունի կուսակցության համապետական և տարածքային ցուցակ, արդեն իսկ նշանակում է, որ դրա տակ կա քողարկված մեծամասնական ընտրության գաղափարը:
Այն, որ փոխվել են ՀՀ ընտրական տարածքները՝ մենք 43-ի փոխարեն արդեն ունենք 18 ընտրական տարածք, դա, ըստ էության, համապատասխանեցվել է մարզերի բաշխվածությանը, ինչը նշանակում է, որ մարզային հեղինակությունները հանգիստ կարող են տարածքային ցուցակներով հաղթահարել մրցակցությունը, այս դեպքում լրացուցիչ ձայներ բերելով իշխող կուսակցությանը»,- նշեց Հ. Տիգրանյանը:
Նրա խոսքով՝ դա թաքնված մեծամասնական ընտրակարգ է. «Այս մասին բարձրաձայնել է նաև ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը՝ հղում կատարելով ընդդիմադիր կուսակցությունների տեսակետին: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը նաև տեսակետ է հայտնել, որ նոր ԸՕ-ով բարդեցված համակարգ է ներդրվում»:
Մանրամասները՝ տեսանյութում:








































