ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը երեկ հայտարարեց քաղաքականության փակված էջը բացելու մասին: Նրա՝ քաղաքականությունից հեռանալուց հետո ԲՀԿ-ական շատ պատգամավորներ լքեցին «նավը»: Ծառուկյանի վերադարձը քաղաքականություն նրանք թեև ողջունում են, բայց չեն փոշմանել երկու տարի առաջ կատարած քայլի համար:
ԱԺ նախկին ԲՀԿ-ական պատգամավոր, ազատամարտիկ Ռուստամ Գասպարյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նախ ողջունեց Ծառուկյանի վերադարձը քաղաքականություն: Նրա հետ հնարավոր համագործակցության մասին էլ նշեց. «Մտադրություն չունեմ որևէ կուսակցություն մտնելու: Շատ հարգում եմ Ծառուկյանին՝ որպես մարդ, անձնավորություն, որպես բարերար»:
Անդրադառնալով հարցին՝ արդյոք կմիանա՞ Ծառուկյանի առաջարկած լայն կոնսոլիդացիային, Ռուստամ Գասպարյանը ասաց, որ դեռ որոշում չի կայացրել, հնարավոր է նաև, որ ընդհանրապես չմասնակցի ընտրություններին: Կհաջողի՞ Ծառուկյանը քաղաքականության մեջ, թե՞ ոչ՝ հարցին Ռուստամ Գասպարյանը պատասխանեց՝ ժամանակը ցույց կտա. «Յուրաքանչյուր կուսակցություն, յուրաքանչյուր կազմակերպություն եթե երկրում դեպի լավը ինչ-որ փոփոխությունների ծրագիր ունենա, պատրաստ եմ համագործակցել, եթե, իհարկե, համահունչ լինի իմ տեսակետներին, պատրաստ եմ մասնակցել, պատրաստ եմ աջակցել, որ այս երկրում դրական փոփոխություններ իրականացվեն»:
Ռուստամ Գասպարյանը եթե Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականություն վերադարձը ողջունում է, նույնը չի կարելի ասել Սեյրան Օհանյանի վերադարձի համար. «Հարգում եմ Սեյրան Օհանյանին որպես մարտական ընկեր, որպես նախկին նախարար, բայց նրա քաղաքականություն մտնելը, ճիշտն ասած… դե, դա իր որոշումն է եղել, բայց ես չէի ուզենա, որ նա քաղաքականություն մտներ»:
ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Արագած Ախոյանն էլ Ծառուկյանի հայտարարությունից հետո չի ափսոսում երկու տարի առաջ ԲՀԿ-ն լքելու որոշման համար. «Ո՛չ, չեմ փոշմանել, որովհետև և իմ ներս մտնելը, և դուրս գալը միանշանակ պայմանավորված են եղել իմ որոշմամբ, առանց որևիցե մեկի հորդորի: Այնպես որ՝ իմ որոշումների մեջ հստակ եմ, իմ մտքերն արտահայտում եմ պարզ, չեմ փոշմանել՝ անկեղծ եմ ասում: Ես չեմ ափսոսում, անկեղծ ասած՝ սա բավականին կանխատեսելի էր. ես միշտ ասել եմ, որ պարոն Ծառուկյանը այն կերպարը չի, որ կարող էր քաղաքական լուսանցքից դուրս մնալ, ուղղակի ինքն է որոշում: Հարգանքով եմ մոտենում պարոն Ծառուկյանին, համագործակցությունը չեմ պատկերացնում, նաև չեմ պատկերացնում վերադարձ կամ նման բան: Ամեն մարդ ինքն է որոշում»:
Ծառուկյանի առաջարկած լայն կոնսոլիդացիայի մեջ էլ Արագած Ախոյանն իրեն չի տեսնում: Առավել հավանական է իշխող ՀՀԿ-ի հետ հետագա համագործակցությունը. «Մյուս շաբաթ արդեն պարզ կլինի: Երբ ունենամ վերջնական որոշում, այն ժամանակ այդ մասին կասեմ»:
Արդյոք Ծառուկյանը որպես իշխանական նախագի՞ծ է վերադառնում՝ վերահսկելի այլընտրանք լինելու համար, պատգամավորը նշեց. «Աշխարհում այնպիսի բաներ են կատարվում, դուք տեսնում եք՝ նույնիսկ գերտերությունները թշնամուց վերածվում են բարեկամների, բարեկամներից՝ թշնամիների, օրինակ՝ այնպիսի գերտերություններ, ինչպիսիք են Ռուսաստանը, Թուրքիան և այլն… Մենք չգիտենք՝ ինչ կլինի մեկ շաբաթ, մեկ ամիս, մեկ տարի հետո. այնպես որ՝ դրան գնահատականներ տալիս խորհուրդ եմ տալիս, որ մարդիկ զգույշ լինեն իրենց արտահայտություններում, որովհետև գոյություն ունի քարեր շպրտելու և քարեր հավաքելու ժամանակ: Քարեր շպրտելիս պետք է շատ չափի մեջ լինել, որպեսզի հավաքելը ծանր չլինի»:
Լուսանկարը՝ haynews.am-ի







































