«Ես կարծում եմ, որ գնահատականը ճշմարիտ է և նույնիսկ թերի է այն իմաստով, որ ոչ թե ողջամիտ հաշվետվողականություն չի եղել իրավապահ համակարգի գործունեության մասին, այլև Human Rights Watch-ը չի նշել կամ չի կամեցել նշել, որ իրավապահ համակարգի իրականացրած ապօրինությունները և հանցագործություններն ուղղակի հրահանգվել և հովանավորվել են պետական իշխանության կողմից»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Գյումրիի լրագրողների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը՝ անդրադառնալով օրերս հրապարակված Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության 2017թ-ի Համաշխարհային զեկույցին, որտեղ նշված է, որ Հայաստանի կառավարությունը չի ապահովել խաղաղ ցուցարարների դեմ անհամաչափ ուժ կիրառելու համար պատասխանատու իրավապահ մարմինների պաշտոնատար անձանց ողջամիտ և վստահելի հաշվետվողականություն։
Այս համատեքստում Լևոն Բարսեղյանը նաև հավելեց․ «Հիմա Human Rights Watch-ը իր ընթացակարգերով նման բան հայտարարել չի կարող, որովհետև շատերը դա համարում են քաղաքական հայտարարություն։
Ես համարում եմ, որ իրավապահ համակարգի հանցավոր անգործությունը կամ դիտավորյալ կատարած հանցագործություններն ուղղակի կապի մեջ են Սերժ Սարգսյանի հանցավոր ռեժիմի հետ։ Այս պարագայում ինչ հաշվետվողականություն, ինչ բան , ավելին՝ հենց այդ նույն հանցագործներն են տարեվերջին խրախուսվել Սերժ Սարգսյանի կողմից»։
Մեր դիտարկմանը, թե արդյո՞ք կատարված իրադարձությունների ֆոնին համարժեք էր Սերժ Սարգսյանի կողմից Երևանի փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանին «հասարակական կարգի գերազանց պահպանության համար» ոսկե մեդալով պարգևատրումը, Լևոն Բարսեղյանն արձագանքեց այսպես․
«Դա լիակատար համարժեք պարգևատրում է այն համատեքստում, որ Սերժ Սարգսյանի պատվերը, ցանկությունը և հրահանգը կատարվել է, ուղղակի Սերժ Սարգսյանը նրան պիտի պարգևատրեր ոչ թե պետական պարգևով, այլ իր անձնական պարգևով, օրինակ ասենք՝ Սերժ Սարգսյանի հուշամեդալ կամ իր ունեցվածքից մի կտոր բաժին հաներ տար Լևոն Երանոսյանին, որովհետև իր հանցագործ հրամանը իր հանցագործ հովանավորչությամբ է կատարել Լևոն Երանոսյանը, այսինքն այդ իմաստով Երանոսյանը լիակատար կերպով բավարարել է Սերժ Սարգսյանի սպասելիքները։ Այստեղ ամբողջ խնդիրն այն է, որ Սերժ Սարգսյանի սպասելիքները պետության սպասելիքները չեն կամ նրա սպասելիքները պետության , ազգային անվտանգության , քաղաքացիների իրավունքների հետ կապված չեն, այլ ճիշտ հակառակը՝ քաղաքացիների իրավունքներն ոտնահարելու,ազատությունները սահմանափակելու մասով են»։
Լևոն Բարսեղյանի խոսքերով՝ նման պայմաններում գործ ունենք շուռ տված իշխանության հետ։ Ըստ նրա՝ այս պարգևատրումներով Սերժ Սարգսյանը չի բավարարվի։
«Էլի է պարգևատրելու, էլի կանի նման բաներ ու էլի կպարգևատրի։ Սա «լավ» նշան է բոլոր մնացած կամակատարների համար։ Դուք անում եք Սերժիկ Սարգսյանի հրամանները, վայրագությունները, գազանությունները և դրա համար նա ձեզ պարգևատրում է։ Անարդար հատվածն այստեղ այն է, որ պարգևատրում են մեր ունեցվածքով, մեր շքանշանով, մեր կոչումով, մեր գույքով , ոչ թե իր Սերժ Սարգսյանի ունեցածով։ Սա է ամբողջ խայտառակությունը»,-եզրափակեց Լևոն Բարսեղյանը։
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի










































