Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայում քիմիական զենքի կիրառման հետաքննության ընթացքում ՄԱԿ-ի աշխատակիցները քիմիական զենքն արգելող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ համատեղ եկել են այն եզրակացության, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադն ու նրա եղբայրը կարող են պատասխանատու լինել երկրի տարածքում քիմիական զենքի կիրառման համար։
Այդ մասին նշված է միացյալ խմբի պատրաստած փաստաթղթում։ Դրա հետ մեկտեղ քիմիական զենքն արգելող կազմակերպության ներկայացուցիչներն ընդգծել են, որ ներկա պահին կազմված չէ այն անձանց ստույգ ցուցակը, որոնք մասնակից են քիմիական զենքի կիրառմանը։
Սիրիայի իշխանությունների ներկայացուցիչները հերքել են այդ մեղադրանքները։ ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ քիմիական զենք կիրառել են ԴԱԻՇ-ն ու «Ջեբհաթ ան-Նուսրան»։









































