«Առաջին լրատվական»– ի զրուցակիցն ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:
–Այսօր վարչապետ Կարեն Կարապետյանն ասուլիսի ժամանակ անդրադառնալով հարցին, թե վերջին հինգ տարիներին նա բնակվո՞ւմ է Հայաստանում, և արդյո՞ք Մոսկվայում աշխատելու փաստը կարող է խանգարել ՀՀԿ նախընտրական ցուցակում ընդգրկվելու համար, Կարապետյանն ասել է. «Վերջին հինգ տարիներին Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ, ապրել եմ Հայաստանից դուրս: Համապատասխանում է դա օրենքով քանակի սահմանափակմանը, որպեսզի ես լինեմ ՀՀԿ ցուցակում, չգիտեմ, բայց եթե չեմ համապատասխանում, ես ցուցակում չեմ լինի»: Կարո՞ղ ենք արդեն արձանագրել, որ ըստ էության, Կարեն Կարապետյանը ՀՀԿ ցուցակում չի լինի՝ հաշվի առնելով, որ ըստ էության, օրենքը դա թույլ չի տալիս:
-Բնականաբար չենք կարող արձանագրել… Արձանագրողը համապատասախան կառույցն է՝ ԿԸՀ-ն և իրավապահ մարմինները: Ես իրավաբան չեմ: Կարեն Կարապետյանը տվել է պատասխան, որը պարկեշտ պաշտոնյայի պատասխան է. այսինքն՝ ամեն ինչ կորոշի օրենքը: Եթե օրենքը թույլ կտա Կարապետյանին լինել ընտրական ցուցակում, և ԿԸՀ-ն կորոշի, որ որևէ խախտում չկա, ապա Կարեն Կարապետյանը կլինի ցուցակում: Եթե օրենքի հետ կաված խնդիրներ կլինեն և իրավապահները, համապատասխան կառույցները կորոշեն, որ Կարապետյանի՝ ցուցակում լինելը խոչընդոտ է, բնականաբար Կ. Կարապետյանը չի լինի ցուցակում:
-Ի՞նչ կլինի ՀՀԿ-ի հետ, եթե ցուցակում չընդգրկվի Կ. Կարապետյանը:
-Շատ խոր հարգանք ունենալով Կ. Կարապետյանի նկատմամբ, պետք է ասեմ, որ ՀՀԿ-ն մեկ-երկու-երեք անձի կուսակցություն չէ: Նախ՝ Կարապետյանը մնում է ՀՀԿ-ական, բացի դրանից՝ գուցեև լինելու է ցուցակում: Դուք արդեն որոշել եք, որ չի՞ լինելու:
-Հաշվի առնելով այն, որ օրենքը թույլ չի տալիս, պարոն Շարմազանով:
-Անկախ նրանից՝ ՀՀԿ ցուցակում կլինի, թե չի լինի, Կարեն Կարապետյանը կմնա վարչապետի մեր թեկնածուն, ինչպես համագումարի ժամանակ հայտարարեց հանրապետության և ՀՀԿ նախագահը: Իսկ ՀՀԿ-ն մշտապես եղել և մնում է կուռ գաղափարական քաղաքական թիմ:
Մանրամասները՝ տեսանյութում:









































