Ամերիկյան Yahoo! Inc տեխնոլոգիական հսկան հայտնել է ընկերության կառավարման նոր ղեկավարի նշանակման մասին՝ հայտնում էVesti-ն:
Նա Մեյնարդ Վեբն է, ով Yahoo!-ի տնօրենների խորհրդին միացել է 2012-ի փետրվարին և ժամանակավորապես կատարել է խորհրդի նախագահի պարտականություններն այն բանից հետո, երբ Ֆրեդ Ամորոզոն ընթացիկ տարվա ապրիլին լքել էր իր պաշտոնը: Մինչ այդ Վեբը եղել է eBay-ի գլխավոր օպերացիոն տնօրեն:
Այն բանից հետո, երբ Մարիսա Մեյերը 2012-ի հուլիսին դարձել է կորպորացիայի գլխավոր գործադիր տնօրեն, տնօրենների խորհրդի կազմը որոշակի փոփոխությունների է ենթարկվել: Անցած ամիս Yahoo!-ի տնօրենների խորհուրդը լքել է ակտիվիստ ներդրող Դենիել Լեբը, ով ընկերությունում իր մասնաբաժինը վաճառել է 1.16 մլրդ դոլարով:
Արդեն մոտ 2 տարի համանուն վեբ պորտալը վերականգնելու փորձ անող ընկերությունից հեռացել են նաև Վեբի դաշնակիցներ Գարի Ուիլսոնն ու Մայքլ Վուլֆը: Արդյունքում ընկերության տնօրենների կազմում մնացել է 7 մարդ:











































