Ինչպես հաղորդում են բրիտանական լրատվամիջոցները, Արժույթի միջազգային հիմնադրամի նախկին ղեկավար Դոմինիկ Ստրոս Կանի ընկերները փորձել են կաշառել այն սպասուհուն, որի բողոքի հիման վրա Ստրոս Կանը հայտնվել է Նյու Յորքի բանտում: Նույն աղբյուրների համաձայն, նրա ընկերները զանգել են սպասուհու բարեկամներին, որոնք ապրում են Գվինեայում և, իբր, առաջարկել են ավելի քան մեկ միլիոն դոլար, որպեսզի նրանց բարեկամուհին հրաժարվի ցուցմունքներից:
Հայտնի չէ, թե ինչ արձագանք են տվել սպասուհու բարեկամները, սակայն Նյու Յորքի ոստիկանությունը սպասուհու անվտանգությունն ապահովելու համար պաշտպանության տակ է վերցրել նրան, իսկ նրա բարեկամներին խորհուրդ է տրվել ԱՄՀ նախկին ղեկավարի ներկայացուցիչների հետ կապի մեջ չմտնել:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախագահի ամենահավանական թեկնածու համարվող Դոմինիկ Ստրոս Կանին ձերբակալել են մայիսի 14-ին նյույորքյան հյուրանոցներից մեկում սպասուհու նկատմամբ սեռական ոտնձգություն կատարելու մեղադրանքով:











































