ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հույս է հայտնել, որ երկրի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն ԱՄՆ նախագահի պաշտոնում կկարողանա հարթել Մոսկվայի հետ հարաբերությունները: Այս մասին նա ասել է PBS հեռուստաալիքին տված հարցազրույցում:
«Կարող եմ ասել, որ նորընտիր նախագահ Թրամփը և հետագայում նախագահ Թրամփը հնրավորություն ունի փորձելու հարթել Ռուսաստանի հետ շփումը և փորձելու պարզել՝ արդյոք այնտեղ պատրաստ են ստուգել պնդումը, որ կան հարցեր, որոնցում մենք կարող ենք համաձայնության գալ»,- ասել է նա:
Քերին նաև նշել է, որ վերջին տարիներին մի շարք ուղղություններով ԱՄՆ-ը և ՌԴ-ը կարողացել են հաջող աշխատանք կատարել, մասնավորապես՝ ընդգծելով Սիրիայից քիմիական զենքի դուրսբերմանն ուղղված համատեղ աշխատանքը և Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները:
Սակայն նախկինի պես կան մի շարք դժվարություններ, որոնք խանգարում են երկու երկրների փոխգործակցությանը, նշել է Քերին:
«Այդ բոլոր խնդիրները կշարունակվեն նաև հաջորդ վարչակազմի նախագահության ընթացքում: Հուսով եմ՝ հաջորդ վարչակազմը Ռուսաստանի հանդեպ ռազմավարական մոտեցում կգտնի փոխըմբռնման հասնելու հստակ նպատակով, սակայն չի թողնի ԱՄՆ արտաքին քաղաքականության հիմքում ընկած հիմնարար արժեքները և սկզբունքները»,- հավելել է նա:










































