Իրաքը ծրագրում է մինչև հաջորդ տարվա վերջը նավթի արդյունահանման ծավալներն ավելացնել օրական մինչև 4,5 միլիոն բարել, իսկ մինչև 2020 թ. վերջը՝ օրական մինչև 9 միլիոն բարել: Այս մասին տեղեկացրել է Իրաքի ԱԳ նախարար Խոշիյար Զիբարին՝ ուրբաթ օրը ելույթ ունենալով Վաշինգտոնի Ռազմավարական և միջազգային ուսումնասիրությունների կենտրոնում:
Նրա խոսքերով՝ Իրաքի տնտեսությունն այս փուլում աշխարհում ամենաարագ տեմպերով է աճում: 2011 թ. Իրաքի ՀՆԱ-ն ավելացել է 9,6 տոկոսով, 2012 թ.՝ 10,5 տոկոսով, ասել է Զիբարին: «Ընթացիկ տարում Իրաքի տնտեսության աճը 8,2 տոկոս կկազմի»,- նշել է նա՝ հղում կատարելով ամերիկացի տնտեսագետներին:
Իրաքի ԱԳ նախարարը հայտնել է, որ 2005 թ. սկսած նավթի արդյունահանումն ավելացել է 50 տոկոսով: Մեջբերելով Միջազգային էներգետիկ գործակալության եզրակացությունները՝ նա հայտարարել է, որ 2030-ականների վերջին Իրաքը կկարողանա կրկնապատկել «սև ոսկու» արդյունահանման ծավալները, և այդ ցուցանիշով աշխարհում երկրորդ տեղը կզբաղեցնի:
Զիբարին խոստովանել է նաև, որ իր երկրի տնտեսության 90 տոկոսը նավթից է կախված: Բացի դրանից, Իրաքում նախկինի պես բարձր է գործազրկության մակարդակը և այն քաղաքացիների թիվը, ովքեր աղքատության շեմին են ապրում:
Զիբարին նշել է, որ Թուրքիայի և Իրաքի միջև շատ խնդիրներ են եղել, որոնց գլխավոր պատասխանատուն Թուրքիան է, որը բավականին հարգանք չի ցուցաբերել Իրաքի նկատմամբ և փորձել է թելադրել երկրի նորընտիր կառավարությանը ինչպես գործել: Այժմ, նախարարի խոսքերով, Անկարան գիտակցել է այդ դիրքորոշման սխալ լինելը և Բաղդադի նկատմամբ այլ քաղաքականություն է դրսևորում: Նա հայտնել է նաև, որ շուտով ծրագրում է Անկարայում հանդիպել պաշտոնատար անձանց հետ և քննարկել երկու երկրների հարաբերությունների բարելավման հարցերը:
Իրանի կապակցությամբ Զիբարին հայտնել է, որ իր կարծիքով, այնտեղ ընտրություներից հետո դրական փոփոխություններ են կատարվել, սակայն հարկավոր չէ սպասել, որ Իրանը միջուկային խնդրի կարգավորման բանակցություններում կտրուկ կփոփոխի իր դիրքորոշումը: «Իրաքը կարող է ԱՄՆ-ի և ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի այլ մշտական անդամների և Իրանի միջև կամուրջ հանդիսանալ»,- ասել է Զիբարին:
ԱԳ նախարարը հայտնել է նաև, որ Իրաքը ներկա պահին 10 միլիարդ դոլարի զենք և զինտեխնիկա ձեռք կբերի՝ հիմնականում ԱՄՆ-ից և մի շարք այլ պետություններից:









































