Դատախազության հանրային կապերի վարչությունը տեղեկացնում է, որ քրեական գործ է հարուցվել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի աշխատակիցների կողմից պարտականությունները ոչ պատշաճ կատարելու, դրանց նկատմամբ անփույթ ու անբարեխիղճ վերաբերմունք դրսևորելու դեպքի առթիվ:
Հաղորդագրությունում ասվում է, որ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մի խումբ բուժաշխատողներ, ունենալով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու պարտականություններ, դրանք կատարել են ոչ պատշաճ և դրանց նկատմամբ դրսևորել անփույթ ու անբարեխիղճ վերաբերմունք. դատախազությունն ուսումնասիրությունն սկսել էր 2011թ. մայիսի 10-ին և 11-ին մամուլում տեղ գտած հրապարակումների հիման վրա։
Հիշեցնենք, որ «Առաջին լրատվական»-ն առաջինն է անդրադարձել, երբ բժիշկները վիրահատման ենթակա 2004թ. ծնված Գ. Մովսիսյանի փոխարեն վիրահատարան էին տեղափոխել վիրահատման ոչ ենթակա, 2006թ. ծնված Ն. Դարբինյանին:
Փաստի առթիվ Ոստիկանության՝ Շենգավիթի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգքի 130-րդ հոդվածի հատկանիշներով: