Չորեքշաբթի պայթյունների շարք է որոտացել ամերիկյան Ջորջիա նահանգի Վալդոստա քաղաքի քիմիական գործարանի տարածքում: Միջադեպի հետևանքով տուժել է 3 մարդ: Այս մասին հայտնել են տեղի իրավապահ մարմինների ներկայացուցիչները, փոխանցում է ITAR-TASS-ը:
Նախնական տեղեկություններով՝ պայթյունները որոտացել են հաստատությունում, որտեղ իրականացվել է վտանգավոր թափոնների վերամշակում:
Դեպքի վայրում հրդեհ է բռնկվել: Սև ծխի քուլաները հասել են մի քանի տասնյակ մետր բարձրության:
Ավելի քան 40 հրշեջ է աշխատում դեպքի վայրում: Իրականացվում է հարակից տների բնակիչների տարհանում: Պայթյունների պատճառը դեռևս հայտնի չէ:









































