Երկու հոգու պատճառով Լիլից Բրյուսել ուղևորվող Eurostar-ի արագընթաց գնացքի 450 ուղևորներ մոտ 2 ժամ արգելափակված են մնացել վագոններում: Այս մասին հայտնում է RTL-tvi հեռուստաալիքը:
Դեպքը տեղի է ունեցել ուրբաթ երեկոյան, բայց այդ մասին հայտնի է դարձել միայն շաբաթ օրը:
Հաղորդվում է, որ մեքենավարն անվտանգության նկատառումներով գնացքն արտակարգ ձևով կանգնեցրել է և այն անջատել էլեկտրասնուցումից, երբ տեսել է, որ գնացքի տանիք է բարձրացել երկու անհայտ անձ: Ոստիկաններին չի հաջողվել ձերբակալել նրանց:
Գնացքի՝ մթության մեջ մնացած ուղևորներին ծածկոցներ են տրվել: Խուճապ չի առաջացել:
Հանցագործներին անհաջող փնտրելուց հետո գնացքը Լիլ է վերադարձել: Ուղևորներին Eurostar ընկերության կողմից առաջարկվել են անվճար գիշերակաց հյուրանոցում, տաքսիով տուն հասցնել կամ մեկնում Բրյուսել սովորական ուղևորատար գնացքով: Բացի դրանից՝ երաշխավորվել է տոմսերի գնի փոխհատուցում:









































