ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդականներից մեկը՝ նախկին կոնգրեսական Ջեք Քինգսթոնը, Մոսկվայում փակ հանդիպում է անցկացրել ամերիկյան խոշոր բիզնեսի ներկայացուցիչների հետ, որի ընթացքում չի բացառել, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կարող են չեղարկվել: Այս մասին հաղորդում է CNN-ը:
«Թրամփը կարող է վերանայել պատժամիջոցների հետ կապված դրությունը: Դրանք բավականին երկար են շարունակվել: Արդյո՞ք ցանկալի արդյունքի հասել ենք: Թրամփը չի ցանկանում հավատարիմ մնալ Բարաք Օբամայի արտաքին քաղաքականության սկզբունքներին»,- ասել է Քինգսթոնը NPR ռադիոկայանի հետ զրույցում:
Քինգսթոնը նաև հայտնել է, որ Մոսկվայում հանդիպել է գործարարների հետ: Նա ընդգծել է, որ ոչ մի կապ չի ունեցել ո՛չ Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչների, ո՛չ ամերիկացի դիվանագետների հետ:









































