Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իսրայելը դիտարկում է այն խողովակաշարին միանալու հնարավորությունը, որն Ադրբեջանից կառուցվում է դեպի Արևմուտք Միջերկրական ծովի գազահանքերից արդյունահանված իսրայելական գազն արտահանելու համար։
Այդ մասին Բաքվում հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ Նրա մամլո ծառայության տարածած հայտարարությունում չի նշվում, թե Նեթանյահուն որ նախագիծն է նկատի ունեցել, սակայն խոսքը կարող է լինել Հարավային գազային միջանցքի մասին, որը կառուցվում է ադրբեջանական գազը Վրաստանի ու Թուրքիայի տարածքով փոխադրելու համար։
Նեթանյահուն հայտարարել է. «Այսօր մենք խոսում ենք ոչ միայն Ադրբեջանից Իսրայել նավթի վաճառքի մասին, որը մեր նավթային ներկրման կարևոր մասն է։ Մենք խոսում ենք ընդհանուր ենթակառուցվածքի օգտագործման մասին՝ գազի արտահանման և իսրայելական գազի արտահանումն այն մեծ խողովակաշարին միացնելու հարցը, որի կառուցումը ներկայումս ընթանում է Ադրբեջանից դեպի Թուրքիա»։










































