Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Լրագրողներ առանց սահմանների» (RWB) միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է իր տարեկան զեկույցը, որում նշել է, որ 2016 թվականին զգալիորեն աճել է հալածվող լրագրողների թիվը։
Զեկույցում նշված է, որ գնալով ավելի շատ լրագրողներ են համայն աշխարհում դառնում բանտարկյալ, պատանդ կամ անհետ կորած։ Ներկա դրությամբ՝ համայն աշխարհում ձերբակալված է 348 լրագրող, ինչը 6 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը։
Զեկույցի համաձայն՝ ընթացիկ տարվա հուլիսի 15-ին Թուրքիայում իրականացված ռազմական հեղաշրջման փորձից հետո 22 տոկոսով աճել է ձերբակալված արհեստավարժ լրագրողների թիվը։
Ներկա դրությամբ թուրքական բանտերում գտնվում են ավելի քան 100 լրագրողներ ու ԶԼՄ-ների աշխատակիցներ։ Թուրքիայից բացի, լրագրողներն առավել հաճախ վանդակաճաղերից այն կողմ հայտնվում են Չինաստանում, Իրանում ու Եգիպտոսում։
Այս երկրներին է բաժին ընկնում ձերբակալված լրագրողների 2/3-ը։ Համայն աշխարհում պատանդ է պահվում 52 լրագրող, որոնցից 21-ը բաժին է ընկնում ԴԱԻՇ-ին։ Ամենամեծ թվով լրագրողները պատանդ են պահվում Սիրիայում ու Իրաքում։








































