ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի այսօրվա նիստում որոշվեց օրենքի հնարավոր խախտման առնչությամբ վարույթ հարուցել Fresh սուպերմարկետների ցանցի նկատմամբ:
Վարույթ հարուցելու պատճառ են հանդիսացել Fresh սուպերմարկետների ցանցում պարբերաբար կազմակերպվող ակցիաները, որոնց շրջանակում որոշ ապրանքատեսակներ վաճառվում են որոշակի զեղչված գնով: Բանն այն է, սակայն, որ այդ զեղչը եղել է զուտ գովազդի համար: Մասնավորապես` մայիսի 4-ից 17-ը գործող ակցիայի շրջանակում թողարկվել և հաճախորդներին են տրամադրվել գովազդային թերթիկներ` զեղչված ապրանքների մասին տեղեկատվությամբ:
Այդ թերթիկներում նշված է, որ 3 կիվին միասին վաճառվում է 375 դրամով, մինչդեռ, երբ հաճախորդը մայիսի 10-ին սուպերմարկետից գնել է 3 կիվի, դրա դիմաց գանձվել է 510 դրամ: Պարզվել է, որ ակցիայի շրջանակներում ընդգրկված ապրանքատեսակների իրական գինն ու գովազդային թերթիկում գրված գինը չեն համապատասխանել:
ՏՄՊՊՀ-ն սկսած վարույթի ընթացքում ուսումնասիություններ կիրականացնի Freshսուպերմարկետների ցանցում` պարզելու, թե որքանով են ապրանքների վաճառքի գները համապատասխանում գովազդում նշվող պայմաններին:
Հիշեցնենք, որ Fresh սուպերմարկետների ցանցը պատկանում է ԴԱՀԿ-ի պետ Միհրան Պողոսյանին: