«Քրեական գործում նման եզրակացություն, փաստաթուղթ չկա, որով հաստատվել է, թե իմ պաշտպանյալ Տիգրան Խաչատրյանը դեպքի ժամանակ եղել է թմրանյութի ազդեցության տակ: Սուտ է: Եթե որևէ մեկը ինձ նման եզրակացություն ցույց տա, կհրաժարվեմ Տիգրան Խաչատրյանի պաշտպանությունից»,- Aravot.am-ին ասել է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու փաստաբան, փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը:
Հիշեցնենք, որ տեղեկություններ են տարածվել, թե փորձաքննության եզրակացությամբ հաստատվել է, որ դեպքի ժամանակ Տիգրան Խաչատրյանը եղել է թմրանյութի ազդեցության տակ: Պարոն Սահակյանից հետաքրքրվել են, այսինքն` փորձաքննության եզրակացությամբ հերքվե՞լ է, որ Տիգրան Խաչատրյանը թմրանյութի ազդեցության տակ է եղել դեպքի ժամանակ, նա պատասխանել է. «Այդ հարցին չեմ պատասխանում: Նման բան չկա եզրակացության մեջ, որ թմրանյութի ազդեցության տակ է եղել, բառերի մանիպուլյացիա է»:
Պարոն Սահակյանը նաև դժգոհել է դեպքի վայրը զննած քննիչի գործողություններից. «Արձանագրությունը անգրագետ է գրված: Պետք է տեսածը հերթականությամբ նկարագրեր, բայց բացի շարադրանքից, դեպքի վայրից առգրավված ոչ մի իր տարածքի նկատմամբ կապ չի տվել, պետք է կոորդինացվեր, կապվեր անշարժ առարկաների հետ»:
Նա նաև չի ցանկացել ասել, թե քննիչի անկազմակերպ արձանագրությունը որքանո՞վ է ազդել գործի քննության վրա. «Այս հարցին չեմ պատասխանի այս պահին, բայց ինձ համար խնդիր չկա, որովհետև դեպքի վայրի զննության հետ կապված ես ամեն ինչ վերականգնել եմ: Պարզապես մեկ ուրիշը կարող էր շահարկել»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք՝ aravot.am-ում









































