Իրանի խորհրդարանը սկսել է երկրի նորընտիր նախագահ Հասան Ռուհանիի կառավարության կազմի քննարկումն ու հաստատումը: Ռուհանին իր թիմը ներկայացրել էր մեկ շաբաթ առաջ, հայտնում է Euronews-ը: Պատգամավորները 2-3 օրվա ընթացքում պետք է քննարկեն 18 թեկնածություններից յուրաքանչյուրը:
Ռուհանին իր նախորդի՝ Մահմուդ Ահմադինեժանդի թիմից ոչ մեկին չի թողել: Նոր նախարարների մեծ մասը համարվում են «չափավոր պրագմատիկներ», որոնց վրա պետության ղեկավարը դնում է «չափավոր նորմալացմանն» ուղղված իր ծրագրերի իրականացման հույսը:
Միևնույն ժամանակ վերլուծաբանները նշում են, որ կաբինետում չեն ընդգրկվի ակնհայտ բարեփոխիչները, առաջին հերթին այն բանի համար, որպեսզի խնդիրներ չառաջացնեն պահպանողական խորհրդարանում հաստատման ժամանակ:
Ռուհանիի թիմում ընդգրկվել է Իրանի պատմության մեջ առաջին կին փոխնախագահը: Պրոֆեսոր Էլհամ Ամինզադեն կզբաղվի իրավական հարցերով:











































