Դեռևս չի հաջողվել համաձայնություն ձեռք բերել Լեռնային Ղարաբաղում ԵԱՀԿ-ի դիտորդական առաքելության տեղակայման վայրի հարցում։ Ինչպես հաղորդում է TASS գործակալությունը, այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Համբուրգում անցկացվող ԵԱՀԿ անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի 23-րդ նիստի շրջանակում տեղի ունեցած մամլո ասուլիսին։
Նախարարի խոսքով՝ նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները վերաբերել են ԵԱՀԿ-ի դիտորդների թվի ավելացմանը, ընդ որում՝ այդ թիվն ավելացել է ընդամենը յոթով:
«Այդ պայմանավորվածությունները պետք է ամրագրվեն ԵԱՀԿ-ի որոշումներում, բայց նման բան անելու համար փոխզիջում է հարկավոր։ Դիտորդների թվի ավելացման վերաբերյալ փոխհամաձայնություն կա, բայց չկա փոխհամաձայնություն, թե որտեղ են նրանք տեղակայվելու: Իմ կարծիքով՝ այդ դիտորդները պետք է տեղակայվեն շփման գծում, բայց դեռ չի ստացվում հասնել փոխհամաձայնության»,- ասել է Լավրովը:








































